Օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ կառավարությունում կայացել էր ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ աշխատանքային քննարկում: Եվրամիության Հայաստանին հատկացնելիք ֆինանսական աջակցության մեծ փաթեթի վերաբերյալ քաղաքական որոշումը սպասվում է տարեվերջին, երբ տեղի կունենա Արևելյան գործընկերության ծրագրի Վեհաժողովը: Մինչ այդ վճռորոշ է լինելու թերևս այն, թե Հայաստանը Եվրամիության հետ աշխատանքի ընթացքում ինչպես կկարողանա ապահովել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական օժանդակության բովանդակությունը կամ այլ կերպ ասած՝ «ծրագրային ապահովումը»:

Մեծ հաշվով, այն, որ ԵՄ-ը արտահայտել է ահռելի փաթեթի մտադրություն, ավելի շուտ գտնվում է մոտիվացիոն տիրույթում: Հայաստանը մոտիվացվել է, սակայն ամբողջ հարցն այն է, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է մոտիվացնի Եվրամիությանը, անդամ երկրներին, որոնք խոշոր հաշվով լինելու են քաղաքական որոշում կայացնողները, այդ որոշումը ձևավորողները: Ընդ որում, այստեղ կա բավականին բազմիմաստ մի վիճակ:

Հասկանալի է, որ ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթը տողատակում ունի քաղաքական ռազմավարական նկատառումներ: Այդպիսով ԵՄ փորձում է բարձրացնել իր ներկայացվածությունն ու ազդեցությունը ռեգիոնում: Մյուս կողմից սակայն, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ, Հայաստանը չի կարող իր հերթին մոտիվացնել ԵՄ վերջնական որոշումը քաղաքական ազդակներով: Հայաստանի համար էական նշանակություն ունի բալանսի ապահովումը, որպեսզի Եվրամիության հետ ֆինանսատնտեսական խոշոր ծրագիրը չդիտվի, նաև «չմատուցվի» Ռուսաստանի հետ դիմակայության համատեքստում: Առավել ևս, որ այդպես մատուցողների պակաս մեծ հաշվով չի զգացվել ու չի զգացվելու: Այլ կերպ ասած, պայմանականորեն, Հայաստանին պետք չէ, որպեսզի ստացվի ֆինանսատնտեսական «սեպտեմբերի 3»: Ըստ այդմ, անհրաժեշտ է Եվրամիությանը մոտիվացնել ծրագրային այնպիսի բովանդակությամբ, որը մի կողմից ջուր պղտորելու «առիթ» չի տա Հայաստան-ԵՄ հարաբերությանը խոչընդոտել ցանկացող տարբեր շրջանակների, մյուս կողմից համարժեքորեն կմոտիվացնի ԵՄ քաղաքական որոշման կայացումը:

Կասկածից վեր է, որ Հայաստանի համար հույժ կարևոր է արտահայտված մտադրության քաղաքական հաստատման հասնել ամբողջ ծավալով, ինչը ունի թե քաղաքական, թե տնտեսական, թե քաղաքակրթական նշանակություն: Հետևաբար, ԵՄ մտադրության մակարդակում ազդարարված 2,6 միլիարդ դոլարի առումով պետք է մոբիլիզացնել հնարավոր ամբողջ մտավոր ներուժը, ծանրակշիռ և խորքային, ռազմավարական աշխատանքային ուղղությունները նախանշելու և հիմնավորելու համար, ընդ որում ներառելով թե հայկական ներուժը՝ Հայաստանից և Սփյուռքից, թե նաև գործընկեր երկրների: Ընդ որում, այդ տեսանկյունից հատկանշական է, որ ԵՄ հետ աշխատանքային քննարկումից հետո, այսօր Հայաստանի փոխվարչապետի հյուրը եղել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին: Իհարկե ԱՄՆ դեսպանն ունի օր պետության քաղաքականությունից բխող օրակարգը, սակայն այն, որ ԱՄՆ նոր նախագահը Եվրամիությանը տվել է ազդակը՝ ԱՄՆ վերադառնում է, թույլ է տալիս խոսել այն մասին, որ ԱՄՆ դեմ չի լինի բովանդակային, գաղափարների մակարդակում օժանդակել Հայաստան-ԵՄ հարաբերության «ծրագրային հագեցմանը»:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն