Շուտով կլրանա «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 22-րդ տարելիցը, սակայն վերաբացված քրեական գործով ոչ մի առաջընթաց չկա:

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում սպանված ԱԺ նախագահի տեղակալ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, նախորդ տարի հունվարին նամակ էր հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով, որ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացումից հետո քննող մարմինը տուժողի իրավահաջորդ հայտարարի Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության։ Առաջարկը չընդունեց։  «Ես դիմել էի ԱԺ նախագահին, որպեսզի ինքը պաշտպաներ ԱԺ իրավունքները՝ դատարանում հանդես գալով որպես տուժող, պաշտպաներ պետության շահը»,-նշել էր Բախշյանը։

«Այո՛, ցավոք ոչ մի քայլ, ոչ մի շարժում չենք տեսնում: Իմ նամակներն այս առնչությամբ Արարատ Միրզոյանին, գլխավոր դատախազին, մնացին անպատասխան: Մեղմ ասած, այս վիճակը հիասթափեցնող է: Ուղղակի անուն չունի սա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության ժամանակ զոհված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

«Ես չգիտեմ՝ էլ ինչ պետք է լինի, որ այս գործը բացահայտվի: Տեսնում ենք, թե մեր շուրջբոլորը ինչեր են տեղի ունենում, ինչեր են խոսում, ինչեր են ասում, իսկ այդ ամենի առանցքը՝ հոկտեմբերի 27-ը ստվերվում է: Չնայած հենց հոկտեմբերի 27-ով այս պետությունը նահանջեց և ձախողումների շղթան սկսվեց: Ես, օրինակ, չեմ հասկանում, չեմ պատկերացնում՝ էլ ինչ պետք է լինի, որ ուշքի գանք, հասկանանք, թե ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչու այսպես եղավ: Թվում է թե ամեն ինչ այնքան պարզ է, բայց պարզվում է՝ բոլորովին էլ պարզ չի»,-ասաց նա՝ հավելելով. «Ստացվում է, որ հոկտեմբերի 27-ը բոլոր ժամանակների իշխանությունների կոկորդին նստած է»:

Հարցին, թե գուցե արտաքին գործո՞նն է պատճառը, որ իշխանությունները բավարար ջանք չեն թափում բացահայտելու ոճրագործությունը, Անահիտ Բախշյանն արձագանքեց. «Արտաքինն էլ, ներքին էլ: Երկուսն էլ իրար հետ մրցում են»:

Նույն խնդրի առնչությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն ասաց. «Ես հույս ունեմ, որ գործը կբացահայտվի, ընթացք կստանա, քանի որ եթե մենք չենք բացահայտում այդ էջը, ուրեմն մենք դեռ շատ բան ունենք կորցնելու: Այդ էջը բացելը անհրաժեշտ է թե մեր ժողովրդին, թե մեր պետությանը:  Ես հույս ունեմ, որ ամեն ինչ կբացահայտվի և բոլորս կիմանանք, թե ովքեր են այդ ոճրագործության գլխավոր հեղինակները»:

Դիտարկմանը, որ Հայաստանի նոր իշխանությունը փորձում էր ինչ-որ կերպ այս ուղղությամբ քայլեր անել, գործը վերաբացվեց, գլխավոր դատախազն ընթացք տվեց, բայց կարծես նորից փակուղում ենք, Մելքոնյանն արձագանքեց. «Որքան գիտեմ՝ փակուղում չէ, գործն ընթացքի մեջ է, ուղղակի տեմպերն են մի քիչ դանդաղ չգիտեմ ինչի համար:

Ընդհակառակը, վարչապետն էլ ասաց, որ  այս գործը մենք պետք է բացահայտենք: Այսինքն երկրի առաջին դեմքի մակարդակով ցանկություն կա բացահայտելու: Ես հույսս չեմ կորցրել, որ անպայման բացահայտվելու է»:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն