Առողջապահության նախարարությունը, մեր տեղեկություններով, նոր մեթոդներ է մշակում, որպեսզի հանրությանը ստիպի ամեն գնով պատվաստվել։ 

Ու սկսել են հենց իրենցից՝ բուժհաստատություններից։ Մեզ ասացին, որ նախարար Անահիտ Ավանեսյանը քովիդով հիվանդների բուժման համար դոտացիոն գումարներ ստացող բժշկական կենտրոններին հրահանգ է իջեցրել, որ այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսը եւ ավելին պատվաստված չի լինի, հաջորդ ամսվանից 30 տոկոսով պակաս ֆինանսավորում, ըստ այդմ` աշխատավարձ կստանան։ Եվ խոսքը միայն քովիդով հիվանդ բուժող բաժանմունքներին չի վերաբերում, այլ ամբողջ անձնակազմին։

Փոխարենը, այն ԲԿ-ները, որոնց աշխատակիցների 90 տոկոսից ավելին պատվաստված կլինի, հակառակը՝ կստանան աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճար։ Սրանով նախարարությունը փորձում է բժիշկների շրջանում պատվաստման բարձր ցուցանիշ ապահովել, որպեսզի նրանց օրինակով շարքային քաղաքացիներն էլ պատվաստվեն։ Սրանով նաեւ մասամբ կլուծվի այն խնդիրը, որի մասին շատերն են ասում` հակապատվաստումային քարոզարշավը հիմնականում հենց բժիշկներն են անում։ Իսկ պատվաստված բժիշկը դժվար թե նման քարոզչություն անի: Մենք առողջապահության նախարարությունից այս թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք, սակայն այնտեղից մեզ ասացին՝ չեն մեկնաբանում տեղեկությունը։ Ինչը խոսում է այն մասին, որ տեղեկատվությունը ստույգ է։

Hraparak.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն