Էկոնոմիկայի նախարարությունը չի բացառում, որ Հայաստանից ԱՄՆ արտահանվող ալյումինե նրբաթիթեղի քննարկվող նոր տուրքը նվազեցվի
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ անհրաժեշտ աշխատանքներ է իրականացրել Հայաստանից ԱՄՆ արտահանվող ալյումինե նրբաթիթեղի նկատամբ լրացուցիչ տուրքի իջեցման ուղղությամբ: Այդ աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան նշել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Խառատյանը:
Ըստ նրա՝ աշխատանքներին մասնակցել է նաև «Ռուսալ Արմենալ» ընկերությունը, որը Հայաստանից ալյումինե նրբաթիթեղի միակ արտահանողն է:
Ամերիկայի Միացյալ Նահանգները հինգ երկրից ալյումինի ներմուծման նոր հակադեմպինգային տուրքեր է սահմանել: Հայաստանն այդ երկրների ցանկում է: Ըստ ամերիկյան կողմի՝ այս տուրքերը սահմանվել են ամերիկյան տեղական արտադրողներին պաշտպանելու համար: Դեռևս 2020 թվականի սեպտեմբերին արտադրողները պետությանը բողոքել են, որ ԱՄՆ-ում նշված երկրներից ներմուծվող ալյումինն ավելի էժան գնով է վաճառվում, քան ամերիկյան արտադրության ալյումինն է:
Որոշում է կայացվել հակադեմպինգային լրացուցիչ տուրքեր սահմանել Հայաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Օմանից ու Թուրքիայից ներմուծվող ալյումինե նրբաթիթեղի համար, որի արդյունքում կբարձրանան նշված երկրներից ԱՄՆ արտահանվող ալյումինե նրբաթիթեղի գները: Սահմանվել են հետևյալ չափի տուրքեր.
- Հայաստան - 29.11%
- Բրազիլիա - 13.93-63.05%
- Օման - 5.82%
- Ռուսաստան - 62.18%
- Թուրքիա - 4.88%
Տուրքերը վերջնական պետք է հաստատվեն մինչև այս տարվա նոյեմբեր:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի բառացում, որ Հայաստանի համար սահմանված տուրքը նվազի՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ոչ մեծ ծավալի արտահանում է իրականացնում դեպի ԱՄՆ:
«Ամերիկյան կողմը դեռևս ուսումնասիրում է Ռուսաստանի, Հայաստանի, Բրազիլիայի, Թուրքիայի և Օմանի արտադրած փայլաթիթեղի ազդեցությունը տեղական արտադրության վրա: Քանի որ վերջին տարիներին Հայաստանից ԱՄՆ արտահանվել է տարեկան 30-40 մլն դոլարի փայլաթիթեղ, ինչը կազմել է ԱՄՆ շուկայի չնչին մասը՝ մեկ տոկոսից պակաս, ապա չի բացառվում, որ մեր երկրի համար տուրքը նվազեցվի»,- նշված է մեր հարցման պատասխանում:
Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 35 167 տոննա ալյումինե նրբաթիթեղ՝ մոտ 95 մլն դոլար մաքսային արժեքով: Ըստ արժեքի՝ արտահանված ալյումինի 34%-ը առաքվել է ԱՄՆ, 30%-ը՝ Գերմանիա: Առաջին հնգյակում այս երկու երկրին հաջորդում են Լեհաստանը (10%), Նիդերլանդները (8%) և Իտալիան (4%): Ըստ քանակի ևս արտահանման ուղղությունները գրեթե նույն կշիռներն ունեն:
Գլխավոր լուսանկարը «Հետք»-ին է տրամադրել «Ռուսալ-Արմենալ»-ը
Hetq.am