Ալիևը մտահոգ է Պուտին-Փաշինյան հանդիպման լռությունից
Բաքվի ղեկավար Ալիևը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահների գործունեությունից, թեև նշել, որ կա խնդիր Արցախ օտարերկրացիների մուտքի հետ կապված, որոնք ըստ նրա պետք է անեն դա Ադրբեջանի թույլտվությամբ:
Այսինքն, Ալիևը դժգոհում է, որ ռուս խաղաղապահները չեն արգելում օտարերկրացիների մուտքը Արցախ: Ալիևի դժգոհությունը, որ հնչել է իտալական Լա Ռեպուբլիկա պարբերականի հետ հարցազրույցում, փաստորեն հաջորդում է Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը Հայաստանի վարչապետը գնահատել է արդյունավետ:
Մենք նկատել էինք, որ հանդիպման ձևաչափը՝ քննարկում առանձնազրույցի տեսքով և հետո զրույց ճաշի սեղանի շուրջ, կարծես թե միտված է ընդգծել հանդիպման որոշակի գործընկերային բնույթը: Սա թերևս դուր չի գալիս Ալիևին, հատկապես Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո բավականին սուղ տեղեկատվության ֆոնին: Իհարկե հազիվ թե Ալիևը տվել է իտալական պարբերականին հապշտապ հարցազրույց, և գուցե նույնիսկ հարցազրույցը եղել է ավելի վաղ, քան Փաշինյանի և Պուտինի հանդիպումը Մոսկվայում, սակայն ընդհանուր առմամբ այն արտացոլում է Բաքվի ղեկավարի որոշակի հոգեվիճակը:
Բանն այն է, որ Ադրբեջանի ռազմական հաղթանակի այսպես ասած կոնսենսուսային էֆեկտն անցնում է և հակառակը՝ ավելի ու ավելի զգացնել է տալիս արդեն խոշոր խաղացողների շահերի հակադրության, խաչաձևության հանգամանքը: Հայաստանին «տաք-տաք» որևէ բան պարտադրելու մարտավարությունը չաշխատեց: Իրավիճակը «սառում» է այն իմաստով, որ ակտիվ քննարկումներ են նշմարվում Մինսկի խմբի համանախագահ եռյակի շրջանակում: Իսկ, եթե եռյակը իրավիճակը վերստին վերցնի իր ձեռքը, ապա Ադրբեջանի նախագահին կամ հարկ կլինի խոստովանել, որ հակամարտությունը լուծված չէ, կամ հայտնվել իր հանրության տհաճ հարցադրումների առաջ: Ընդ որում, Երևանն էլ այստեղ կարծես թե ձեռնպահ մնալով կտրուկ հայտարարություններից, Մինսկի խմբի համանախագահներին չի խանգարում աշխատել, ինչը գուցե ավելի է նյարդայնացնում Ալիևին: Նա ակնհայտորեն փորձում է բացել համանախագահների հետ «առևտրի» հարթակ, ինչը առայժմ կարծես թե չի ստացվում, համանախագահներից ոչ ոք չի շտապում սկսել դա, քանի որ զբաղված են միմյանց հետ «առևտրի» ավելի մեծ հարցերով:
1in.am