Պուտինի հորդորը. Մի հայտարարված ցինիզմի քրոնիկոն
Ռուսաստանի նախագահ Պուտինն ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը նրանց կոչ է արել համատեղել ծառայությունների ներուժը, ԱՊՀ տարածքը սպառնալիքներից պաշտպանելու համար: ԱՊՀ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարները Մոսկվայում հավաքվել են հերթական քննարկման համար, իսկ Պուտինի հետ նրանք հանդիպել են հեռավար կարգով:
ՌԴ նախագահի կոչը կամ հորդորը թեև վերաբերում է լուրջ խնդրի, սակայն առնվազն Հայաստանի դիտանկյունից այն ուղղակի ծիծաղ է առաջացնում, կամ կառաջացներ ծիծաղ, եթե խոսքը չվերաբերեր հենց ԱՊՀ տարածք համարվող գոտուց ԱՊՀ անդամ Հայաստանի դեմ սպառնալիքին: Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ ԱՊՀ տարածք համարվող Ադրբեջանում կուտակվել են վարձկան-ահաբեկիչներ, որոնք 2020 թվականից ներկրվել են Արցախի դեմ պատերազմից, հետո իհարկե անկասկած այլ նպատակների համար: Ընդ որում, ռուսաստանյան հատուկ ծաայության՝ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ տիրապետում են այդպիսի փաստերի: Ընդ որում, Նարիշկինը հայտարարել էր այնպիսի տոնայնությամբ, որ կասկած չէր թողնում, թե որքան մանրակրկիտ ձևով է Ռուսաստանը տիրապետում այդ տեղեկատվությանը: Կասկած չկա նաև, որ Մոսկվան դրան տիրապետել է հենց սկզբից և ուղղակի հետևել, թե ինչպես է Թուրքիան «սպառնալիք» ներկրում ԱՊՀ տարածք համարվող Ադրբեջան, որով պատրաստվում էր պատերազմի Հայաստանի և Արցախի դեմ: Բայց, այդ ամենին մանրակրկիտ տիրապետող Ռուսաստանի հատուկ ծառայությունը՝ Նարիշկինի գլխավորությամբ, հանգիստ հետևել է այդ ամենին: Եվ հիմա, երբ ՌԴ նախագահ Պուտինը կոչ է անում ԱՊՀ հատուկ ծատռայություններին մեկտեղել ջանքերը ԱՊՀ տարածքը սպառնալիքից պաշտպանելու համար, այդ կոչը հնչում է առնվազն անլուրջ, հատկապես հաշվի առնելով այն բիզնես և այլ մերձավոր կապերը, որ ՌԴ հատուկ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ունի ԱՊՀ տարածքը սպառնալիքներով համալրած Ադրբեջանի կառավարող շրջանակների հետ:
Պուտինն անկասկած անտեղյակ չէ այդ մասին, և իհարկե այդ մասին անտեղյակ չեն ԱՊՀ երկրների բոլոր հատուկ ծառայությունները: Այլ կերպ ասած, ԱՊՀ հատուկ ծառայություններին ՌԴ նախագահի հորդորը այլ բան չէ, քան ընդամենը մի հայտարարված ցինիզմի քրոնիկոն:
1in.am