Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը: Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն «Էյր Արաբիա» ընկերության մոդելի մոտ 20 տարվա դրական փորձն է: Այս մասին Կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ պետական հետաքրքրությունների ֆոնդի ղեկավար Դավիթ Փափազյանը՝ անդրադառնալով ազգային ավիափոխադրողի ստեղծմանը:

Նրա խոսքով՝ ստացել են առավելագույն կենսունակ մոդել: «Սա մեզ առաջին անգամ հնարավորություն է տալիս ունենալ երկարաժամկետ մրցունակ և կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող: Ծրագիրը կենսունակ է, քանի որ իր հետ բերում է փորձարկված, հաջողված մոդել, պրոֆեսիոնալ կառավարում և երկարաժամկետ ռազմավարություն մշակելու փորձ: Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաև ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,-ասաց Փափազյանը:

Ըստ Փափազյանի՝ այս մակարդակի գործընկերոջ հետ համատեղ հաջողված ծրագիրը ավիափոխադրության ոլորտի բարդ ոլորտում ծառայելու է նաև մի քանի այլ վերափոխման մեգանպատակների, մասնավորապես՝ նպաստելու է ՀՀ-ն գործարարների համար գրավիչ, ներդրումների համար՝ ապահով երկիր դարձնելուն, և Հայաստանի՝ ցանկալի ու հուսալի գործընկեր ընկալվելուն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ դեռևս 2018-ին իրենք կարևորել են ՀՀ-ում հայկական ավիաընկերությունների ստեղծման և զարգացման նպատակը, և այդ առումով Կառավարությունը որոշակի դերակատարում պետք է ունենա:

«Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չպետք է և չեն կարող լինել: Տվյալ դեպքում, ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով «Էյր Արաբիա» ընկերության (դուստր ընկերության) հետ, հետևյալ գործողությունն է անում՝ յուրաքանչյուրը ներդնում են 10 մլն դոլար: «Էյր Արաբիա» ընկերությանը, որ փորձառություն ունի ավիաընկերություն ստեղծելու և զարգացնելու, մենք հրավիրում ենք մեզ հետ համատեղ հիմնադրել ու կառավարել ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա»»:

Փաշինյան ն ընդգծեց՝ ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու և գործելու է մրցակցային հավասար դաշտում: Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անեն, որ 2022-ի գարնանից ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ իրականացնի:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն