Զգալիորեն հաշվի ենք առնում եվրոպական զարգացած քաղաքների փորձը. Հայկ Մարությանը՝ Նիդեռլանդների դեսպանին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են հայ-նիդերլանդական հարաբերությունների բարձր մակարդակը՝ փոխադարձ պատրաստակամություն հայտնելով նպաստել դրանց զարգացմանն ու ընդլայնմանը:
Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Երևանում քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացվող աշխատանքը՝ նկատելով, որ բարեփոխումների ընթացքում զգալիորեն հաշվի է առնվում եվրոպական զարգացած քաղաքների փորձը:
Դեսպան Սխերմերսն իր հերթին մատնանշել է քաղաքային զարգացման մի շարք ոլորտներում նիդերլանդական քաղաքների հետ փորձի փոխանակման հնարավորությունները: