Հայաստանի հավաքականի հնարավորությունը․ Ինչի մասին էր խոսում Կապառոսը
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրում Բուխարեստում Ռումինիայից կրած պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտարարեց, որ ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարը չի ավարտվել։ «Մեր խնդիրը բարդացավ, սակայն կշարունակենք պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ մաթեմատիկական շանսեր ունենք խմբից դուրս գալու:
Հայաստանի, Ռումինիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիները հավասարազոր են, պարզապես նվազագույն դետալներ կան, որոնք նպաստում են հաղթանակին տարբեր խաղերում: Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր, այս անգամ այն բացակայում էր: J խմբում մինչեւ վերջ է պայքար ծավալվելու, ինչպես Իսպանիայում են ասում՝ համբերել է պետք մինչեւ վերջ»,- նշել էր Կապառոսը։ Իրականում ինչի մասին է խոսում իսպանացի մասնագետը և ինչպիսի մաթեմատիկական հնարավորությունների մասին է խոսքը։ Այս պահին Գերմանիան 21 միավորով առաջին է ենթախմբում և անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից կպահպանի դիրքը։ Այսինքն վերջին երկու հանդիպումները բունդեսթիմի համար մրցաշարային առումով որևէ նշանակություն չունեն։ Երկրորդ հորիզոնականում 13 միավորով ռումինացիներն են։ Հյուսիսային Մակեդոնիան 12 միավորով երրորդ հորիզոնականում է։
Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի հավաքականը, սակայն խփած և բաց թողած գնդակների հարաբերակցության հաշվարկում զիջում ենք մակեդոնացիներին։ Նոյեմբերի 11-ին մեր հավաքականը Երևանում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ Ռումինիան կհյուրընկալի Իսլանդիային։ Ռումինացիների նույնիսկ ոչ-ոքի խաղալու դեպքում Հայաստանի կամ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը իրական հնարավորություն կստանա ընտրական մրցափուլն ավարտելու երկրորդ հորիզոնականում։ Ռումինիայի հետ խաղից առաջ ամեն ինչ մեր ձեռքերում էր։ Մեզ անհրաժեշտ էր երկու խաղում վաստակել միավոր և վերջին տուրից առաջ ապահովել երկրորդ հորիզոանականը։ Այսօր խաղաքարտերը ռումիացիների ձեռքերում են և վերջին երկու հանդիպումներում նույնքան հաղթանակ տանելու դեպքում դուրս կգան աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ։ Իսլանդիայի դեմ հանդիպումից երեք օր անց Ռումինիան հյուրընկալվելու է Լիխտենշտեյին։ Նույն օրը Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցելու է Գերմանիայի հետ, իսկ Հյուսիսային Մակեդոնիան հյուրընկալելու է Իսլանդիային։ Ինչ խոսք ստեղծված իրավիճակում Ռումինիան գտնվում է շահավետ դիրքում, բայց․․․։ Չի կարելի բացառել, որ Իսլանդիան միավոր չի «պոկի» Բուխատեստում։ Հայաստանի հավաքականի գլխավոր խնդիրն այս պահին Հյուսիսային Մակեդոնիային հաղթելն է, ինչը տեսական, հնարավոր է նույնիսկ իրական հնարավորություն տա պայքարելու երկրորդ հորիզոնականի համար։ Ու քանի դեռ մեր ընտրանին թեկուզ մաթեմատիկական հնարավորություն ունի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու պետք է փորձել առաջ շարժվել։
Այո վերջին հանդիպումներում մերոնք անհաջող ելույթ ունեցան, բայց հիմա սխալների և ձախողումների մասին խոսելու ժամանակը չէ։ Մեկ ամիս անց ամփոփելով ընտրական մրցաշարը կտանք հստակ գնահատական, մանրակրկիտ կուսումնասիրենք սխալներ ու բացթողումները։ Ակնհայտ է թերևս հետևյալը։ J ենթախմբում Հայաստանը, Ռումինիան և Հյուսիսային Մակեդոնիան ըստ էության համասարազոր հավաքականներ են և երկրորդ տեղի համար պայքարը հենց այս թիմերի միջև է շարունակվում։ Խոակին Կապառոսի գլխավորած թիմը արդեն իսկ ապացուցեց, որ կարող է իրական պայքար մղել ենթախմբի արգելքը հաղթահարելու համար։ Մենք կարող էինք արդեն իսկ ապհոված լինել երկրորդ տեղը, բայց․․․։ Սա ֆուտբոլ է, որտեղ դրվագները և այսպես կոչված նյուանսները վճռորոշ կարող են լինել։ Անկախ ամենից հիասթափվելու կամ տրտնջալու իրավունք չունենք։
Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումը որակազրկման պատճառով բաց են թողնելու Տարոն Ոսկանյանը, Վարազդատ Հարոյանը Էդուարդ Սպերցյանը և Սարգիս Ադամյանը։ Սա բավական լուրջ կորուստ է մեր հավաքականի համար։ Կարևոր խաղում բացը պետք է փորձել լրացնել 12-րդ խաղացողի միջոցով։ Այսինքն ավելի քան երբևէ պետք է կանգնել ազգային թիմի, ազգային թիմի ֆուտբոլիստների կողքին։ Պետք է փորձել հաղթել այս խաղում և շարժվել առաջ։
1in.am