Թուրքիան ավելի քան 3 միլիարդ դոլար կստանա կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
Թուրքիան 3,1 միլիարդ եվրոյի վարկ կստանա, որպես մաքուր էներգիայի նպատակներին հասնելու աջակցություն․ դրանք ամրագրված են Համաշխարհային բանկի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆինանսավորմամբ նախատեսված գործարքի շրջանակներում իրականացվող Փարիզի կլիմայական համաձայնագրում, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ Թուրքիան դարձավ G20-ի խոշորագույն տնտեսությունների վերջին երկիրը, որը վավերացրեց Փարիզյան համաձայնագիրը այն բանից հետո, երբ տարիներ շարունակ պահանջում էր, որ նախ վերաորակվի որպես զարգացող երկիր, ինչը նրան իրավունք կտար միջոցներ եւ տեխնոլոգիական օգնություն ստանալ:
Ըստ աղբյուրների՝ Անկարան խոշոր միջազգային վարկեր կստանա առանց պահանջվող կարգավիճակի փոփոխության՝ համաձայն փոխըմբռնման հուշագրի, որը նախատեսվում է ստորագրել այս ամիս՝ Շոտլանդիայում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթաժողովից առաջ:
Ըստ երեք աղբյուրների, գումարի մեծ մասը կստանա Համաշխարհային բանկից, որը 2 միլիարդ եվրո ֆինանսավորում կտրամադրի, Ֆրանսիան` մինչեւ մեկ միլիարդ եվրո, իսկ Գերմանիան` 200 միլիոն եվրոյից մի փոքր ավելի: «Գումարի եւ պայմանների վերաբերյալ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, եւ հենց այդ պատճառով է, որ Թուրքիան վավերացրել է Փարիզյան համաձայնագիրը»,- ասել է բանակցություններին ծանոթ աղբյուրը:
Չորս աղբյուրներ հայտարարել են, որ հուշագիրը դեռեւս համաձայնեցված չէ, եւ զգուշացրել են, որ դրա վերաբերյալ որոշակիություն չկա, մինչեւ բոլոր կողմերը չստորագրեն այն:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան, որը Համաշխարհային բանկի ներդրումային ստորաբաժանումն է մասնավոր հատվածում, նույնպես մասնակցում են Թուրքիայում կանաչ էներգիայի ոլորտում մասնավոր հատվածի դերի բարձրացման գործում:
Թուրքիան Փարիզի համաձայնագիրը ստորագրել է 2016-ի ապրիլին, բայց երկար ժամանակ դիմադրում էր վավերացմանը՝ պնդելով, որ համաձայնագրի նպատակների համար ինքը պետք է զարգացած երկիր համարվի եւ պատասխանատվություն է կրում անցյալում ածխածնի արտանետումների շատ փոքր մասնաբաժնի համար:
Անցյալ ամիս հայտարարելով Թուրքիայի տեսակետների հանկարծակի փոփոխության մասին՝ նախագահ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ կլիմայի փոփոխության համար «պատմականորեն պատասխանատու» երկրները պետք է առավելագույն ջանքեր ներդնեն: