Նախարարությունն ու ՔԿ–ն գաղտնի են պահում պատերազմի զոհերի մասունքներն արտերկիր ուղարկելու փաստը
ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել, թե ՔԿ–ում քննվող պատերազմին առնչվող քրեական գործերով քանի անձ է դիմել նախաքննական մարմնին՝ զոհերի մարմինների և մասունքների ԴՆԹ նույնականացումն արտերկրում իրականացնելու պահանջով։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան կոմիտեից հայտնել են, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, քանի որ այն համարվում է նախաքննական գաղտնիք։
Նշենք, որ ծնողների նախաձեռնությամբ մարմինների և մասունքների՝ արտերկրում ԴՆԹ փորձաքննությունը նշանակվում է քրեական գործի շրջանակներում՝ վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման հիման վրա։
ՔԿ–ից հրաժարվել են հայտնել նաև, թե որ երկրի լաբորատորիաներում է իրականացվում կենսաբանական նմուշների ԴՆԹ հետազոտությունը, արդյոք ՔԿ–ն վերահսկում է այս գործընթացը՝ հաշվի առնելով գենետիկ կոդը այլ երկրին փոխանցելու ընթացքում ի հայտ եկող անվտանգային հնարավոր ռիսկերը։ ԴՆԹ փորձանմուշներն արտերկիր ուղարկելու վերաբերյալ տվյալները գաղտնի է պահում նաև առողջապահության նախարարությունը։ NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունը դեռևս նախորդ ամիս հորդորել էր հայցվող տվյալները պահանջել քննչական կոմիտեից՝ նշելով որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ–ն առանց նախաքննական մարմնի համապատասխան որոշման արերկիր փորձանմուշ չի ուղարկում։
Մինչդեռ նախօրեին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ԱՆ «Դատաբժկական գիտագործնական կենտրոնի» տնօրեն Մհեր Բիշարյանը հայտարարել էր փորձաքննության ենթարկված, սակայն չնույնականացված կենսաբանական նմուշները Նիդերլանդներ ուղարկելու մասին։
«Պայմանավորվել ենք, որպեսզի «Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի փորձագիտական կենտրոնին» մեր ուղարկած 50 փորձանմուշի պատասխանները երկու ամսվա ընթացքում ուղարկեն մեզ»,–հայտարարել էր Բիշարյանը։
Հետաքրքիր է ՊՈԱԿ–ի տնօրենի հայտնած տվյալները վարույթն իրականացնող մարմինը նու՞յնպես դիտելու է, որպես նախաքննական գաղտնիքի հրապարակում, թե՞ օրենքով նախատեսված արգելքը բացառապես տարածվում է լրատվամիջոցների վրա։
Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» հրապարակած վերջին տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Փորձաքննության ենթարկված 50 մասունքներից դեռևս չի հաջողվել ԴՆԹ անջատել: Խոսքը վերաբերվում է այն փորձանմուշներին, որոնք չափազանց վնասված են եղել և Հայաստանում առկա սարքավորումներով հնարավոր չի եղել իրականացնել նույնականացումը։ Նշենք, որ շատ են դեպքերը, երբ զոհված զինծառայողների ծնողները կասկածի տակ են դրել ԴՆԹ նույնականացման արդյունքների արժանահավատությունը և պահանջել կրկնակի հետազոտություն իրականացնել։ Ոմանք էլ, չվստահելով հետազոտության արդյունքներին, պահանջել են կենսաբանական նմուշներն ուղարկել արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ այս ընթացքում ծնողների նախաձեռնությամբ մի քանի տասնյակ մասունք է ուղարկվել արտերկիր, և այլ երկրի լաբորատորիաներում իրականացված փորձաքննությունների արդյունքում են ծնողները համոզվել, որ ԴՆԹ նույնականացման տվյալներն արժանահավատ են և դրանից հետո են միայն համաձայնել հուղարկավորել մասունքները։