Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների և մաֆիայի միջև կապերի մասին բացահայտումների շնորհիվ հայտնի դարձած հանցավոր խմբավորման ղեկավար Սեդաթ Փեքերը հերթական աղմկահարույց հայտարարությունն է արել, փոխանցում է Ermenihaber-ը։

Փեքերը Twitter-ում արած գրառումներում պնդել է, որ կա «մահվան ցուցակ», որի մեջ բացի իրենից ներառվել են նաև իր գրառումները, հայտարարությունները հանրայնացնող ընդդիմադիր լրագրողներ: Փեքերն ակնարկել է, որ հնարավոր մահափորձերի հետևում կանգնած է լինելու «Պաշտպանական խորհրդատվության ընկերությունը» (SADAT):

Փեքերի պնդմամբ՝ SADAT-ը իր անձնակազմը մարզելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական «Ալֆա» ջոկատի անդամների հետ:

Փեքերի այս հայտարարությունը մեծ արձագանք է ստացել թուրքական հանրային-քաղաքական շրջանակներում: Հնարավոր մահափորձերի թեման բարձրացվել է նաև մեջլիսում:

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Օմեր Ֆարուկ Գերգերլիօղլուն հարցապնդում է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:

Պատգամավորը պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.

«1. Արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, որ պատրաստվել է «մահվան ցուցակ», որում ընդգրկված են Սեդաթ Փեքերը և նրա հայտարարությունները տարածող ընդդիմադիր լրագրողներ: Ովքե՞ր են այդ ցուցակը պատրաստողները: Կա՞ որևէ հետաքննություն այս առնչությամբ:

2. Այդ ցուցակում ներառված քաղաքացիների պաշտպանության համար որևէ քայլ ձեռնարկվե՞լ է: Նրանց տեղեկացրե՞լ են խնդրի մասին:

3. Արդյո՞ք ճիշտ են պնդումները, որ անձնակազմը մարզելու համար պայամանավորվածություն է ձեռք բերվել «Ալֆա» ջոկատի անդամների հետ: Այս առնչությամբ հետաքննություն սկսվել է: SADAT-ի կողմից մարզվող անձինք ինչի՞ և ո՞ւմ համար են ծառայելու»:

Նշենք, որ SADAT-ի նախագահը պաշտոնաթող գեներալ Ադնան Թանրըվերդին է, որը 2016-2020թթ. եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականը: Այս կազմակերպությունը համարվում է մասնավոր ռազմականացված կառույց, որն, ըստ պնդումների, սպասարկում է իշխանության՝ մասնավորապես Էրդողանի շահերը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն