Շառլ Միշելը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել կառուցողական բանակցություններ վերսկսել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել կառուցողական բանակցություններ վերսկսել:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ընդգծել է Հարավային Կովկասի կայունության եւ բարգավաճման, ինչպես նաեւ երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացման կարեւորությունը Եվրամիության համար», - նշվում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ամբողջական իրականացումը կարեւոր է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար: ԵՄ-ն պատրաստ է սահմանների սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ փորձագիտական գիտելիքներ տրամադրել եւ աջակցել վստահության ամրապնդմանը:
Եվրամիությունը երկու կողմերին կոչ է անում նաեւ անհապաղ համագործակցություն սկսել գերիների վերադարձի, ականապատ դաշտերի վերաբերյալ թափանցիկության ապահովման եւ այլ կարեւոր մարդասիրական հարցերի շուրջ: ԵՄ-ն մոտ 20 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է տրամադրում եւ շարունակելու է աջակցություն ցուցաբերել:
Այնուամենայնիվ, սա հրատապ խնդիրների լուծման առաջին քայլն է դեպի խաղաղ եւ կայուն կարգավորում: Միշելը երկու կողմերին կոչ է արել կառուցողական բանակցությունները վերսկսել:
Եվրամիությունը խորապես հետաքրքրված է Հարավային Կովկասի՝ որպես ԵՄ Արեւելյան գործընկերության բաղկացուցիչ մասի անվտանգության, կայունության եւ բարգավաճման մեջ»: