Փաշինյանի «սուվերեն» նշանակումները
Հայաստանի արտաքին գործերի կաթվածահար նախարարության պայմաններում, երբ թե՛ քաղաքական, թե՛ իրավական տեսակետից երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ապրում է «գլխատման» շրջան, նշանակվել է Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպան։ ՀՀ նախագահի հրամանագրով 54-ամյա Տիգրան Սեյրանյանը, որը զբաղեցնում էր Ուկրաինայում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը 2018 թվականից, հետ է կանչվել այդ պաշտոնից, իսկ նրա տեղում նշանակվել է ոչ անհայտ Վլադիմիր Կարապետյանը, որը 2006-2008թթ. Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարն էր, իսկ 2019-20թթ.՝ Փաշինյանի մամուլի քարտուղարը։ Այս մասին «ԱՐՄԵԴԻԱ» Թելեգրամ-ալիքում գրում է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը։
«Մինչ ԱԳՆ ղեկավարը, նրա տեղակալն ու մամուլի քարտուղարը հայտարարել են հրաժարականի մասին (ընդ որում՝ հրաժարականի պատճառները հնչեցրել է ԱԳՆ ղեկավարը, դրանք կապված են Հայաստանի ազգային-պետական շահերին հակասող գաղափարների, նախաձեռնությունների իրականացման անհամաձայնության հետ), սկսել է բավական ակտիվորեն իրականացվել անհասկանալի է, թե ինչ արտաքին քաղաքական օրակարգ, որը հազիվ թե հետապնդում է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման նպատակ։ Այս ակտիվության մեջ կարելի է նշել ոչ միայն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հապճեպ այցելությունները Ֆրանսիա եւ Բրյուսել (ընտրություններից 20 օր առաջ), այլեւ դեսպանների կամ փոխդեսպանների հապճեպ նշանակումներն Ուկրաինայում եւ ԱՄՆ-ում։
Ինչպես հայտնի է, կառավարող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատել է նորությունն այն մասին, որ արդեն ստացել է ԱՄՆ-ում Հայաստանի ապագա դեսպանի պաշտոնում իր թեկնածության ագրեմանը։ Իսկ հունիսի 2-ին տեղեկություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ ԱԳՆ արդեն նախկին մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը կզբաղեցնի այդ նույն դեսպանության փոխդեսպանի պաշտոնը։
Ինչի՞ հետ է կապված Ուկրաինայում եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանների նշանակման այս հապճեպությունը, կրկնում ենք, ՀՀ ԱԳ կաթվածահար նախարարության ֆոնին։
Հիշեցնենք, որ Ուկրաինան ոչ մեր մերձավոր հարեւանն է, ոչ ուժի համաշխարհային կենտրոն, ոչ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ոչ անգամ երկիր, որը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ։ Ինչո՞ւ էր պետք այսքան հապճեպ «փոխել ձիերին այս գետանցման ժամանակ»։
Վլադիմիր Կարապետյանի անունը մեկ անգամ չէ, որ երեւացել է վերջին ժամանակներս՝ Ալիեւի եւ Փաշինյանի գաղտնի բանակցություններում հնարավոր միջնորդության հետ կապված։ Այսօր հակառուսական քաղաքական գործչին Ուկրաինա ուղարկելը որպես դեսպան՝ ժեստ է Ուկրաինայի՞ն։
Ուկրաինային, որի նախագահ Զելենսկին, հիշեցնենք, չափսոսեց իր դերասանական եւ մյուս վարպետությունը Թուրքիային եւ Ադրբեջանին խորին խոնարհումների գործընթացում։ Հազիվ թե։ Բնականաբար, Վլադիմիր Կիրակոսյանի նշանակումը, ընդ որում՝ այդքան հապճեպ, հետապնդում է միանգամայն այլ նպատակներ եւ այլ մտադրություններ ունի։ Միայն թե հարց է՝ որքանո՞վ դրանք կծառայեն Հայաստանի շահերին եւ հայ-ուկրաինական հարաբերությունների՝ նորմալ քաղաքական հուն շրջադարձին։
Ինչ վերաբերում է Ամերիկային, որը նույնպես մեր մերձավորագույն հարեւանը չէ, բայց ուժի համաշխարհային կենտրոն է եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, որը վերջերս նախագահի մակարդակով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այստեղ կարող է հասկանալի լինել հապճեպությունը ակտիվությունը փոխելու գործում։ Բա՛յց։ Եթե ԱՄՆ դեսպանի պաշտոնին այդքան շտապ ուղարկեին փորձառու դիվանագետի, որի անցած ճանապարհը, հատկանիշներն ու ինտելեկտը վստահության զգացողություն կառաջացնեին ԱՄՆ-ում ՀՀ դիրքերի բարելավման եւ ամրապնդման հարցում, այդ հապճեպությունը հասկանալի կլիներ։ Բայց այդ պաշտոնին Լիլիթ Մակունցին նշանակե՞լ։ Անգամ Հայաստանի կաթվածահար ԱԳՆ-ն ցնցվեց այդ նորությունից եւ, գուցե, որոշեց շտապ կարգով «չեզոքացնել» Մակունցին նույնքան երիտասարդ ու հավակնոտ, բոյց գոնե դիվանագիտական նրբությունները, ղարաբաղյան հակամարտությունը եւ աշխարհաքաղաքականությունը հասկացող Աննա Նաղդալյանով։
Ինչեւէ, նշանակումներն արդեն արված են։ Այս շտապ գործընթացներին հակառակ ընթացք կարող է տալ միայն նոր իշխանությունը, եթե այդպիսին ձեւավորվի հունիսի 20-ի ընտրություններից հետո։ Սակայն երկկողմ հարաբերությունները եւ դեսպանների նշանակումը ավելի լուրջ գործ են, քան խաղաթղթերը կապուկում խառնելը։ Դա վերաբերմունք է երկրի եւ ժողովրդի հանդեպ, ինչն արժե միշտ դնել անկյան գագաթին, երբ դեսպաններ ես նշանակում։ Հենց այս մասին արժեր, որ հիշեն նրանք, որոնց այդքան շտապ պետք էր այսպիսի նշանակումներ անել, նաեւ նրանց, ովքեր այդ հրամանագրերն ահա այդպիսի հապճեպությամբ ստորագրել են...»։