«Ես գումանիտարնի մարդ եմ, չեմ ուզում որեւէ մեկին պատժել, ոչ որեւէ մեկին տանեն կախեն»: Այսօր այդ բարի լուրը իր մամլո ասուլիսի ժամանակ ասել է Համաշխարհային հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Թե ինչու է   մեզ «օգնության» եկած “դեսանտը”  որոշել  իր վրա վերցրել պատժել-չպատժելու ֆունկցիան կամ ով է նրան տվել պատժելու կամ մեղքերի թողության իրավունքը` պարզ չէ: Ասուլիսը մեծամասամբ  նվիրված էր Արա Աբրահամյանի արված բարեգործություններին եւ իր կողմից մարդկանց կյանքեր փրկելու թեմային, որն թեեւ կցկտուր, սակայն կարմիր թելով անցնում էր, ամբողջ ասուլիսի միջով:

Սակայն այդպես էլ չլսեցինք երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու իր տեսլականն ու ծրագիրը: Միակ փրկությունը ըստ «գումանիտարնի» մարդու` որ ընտրություններին բոլոր մասնակիցները նստեն մի սեղանի շուրջ: Թե ինչի համար` Աբրամյանը չնշեց: Բայց հայտարարեց, «սեւ ու սիպտակ» չի լինելու: Դրա փոխարեն նա մեկ այլ դասակարգում առաջարկեց` տղամարդիկ եւ «կռոլիկներ»: Առաջինները գործ են անում, երկրորդները ` գոռում են:

Իսկ որպես ծրագիր հայտարարեց, որ «ուզում է կառուցել» եւ բազմիցս անդրադառնում էր իրենց գյուղի օրինակներին` թե ինչ էր անում հացթուխը, պատշարը, եւ անգամ հիշեց մի երկու «լավ» աղջիկների, որոնց գիտեր ամբողջ մարզը: 

Նա դժգոհում էր, որ շատ թիմեր են մասնակցում այս ընտրություններին, եւ դեմ է արհասարակ այս ընտրություններին, սակայն դրանց մի մասնակցողն էլ հենց իր կուսակցությունն է: «Կարգուկանոն» հաստատելու նպատակով ժամանած «ալամ աշխարհի հայերի» նախագահը անձամբ   ընտրություններին մասնակցելու իրավունք չունի բազմաթիվ երկրների քաղաքացի լինելու եւ Հայաստանում մշտապես չբնակվելու պատճառով: Սակայն Արա Աբրամյանի թիմը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը (իր դեպքում տարօրինակ է հնչում) մասնակցում է: Ի դեպ, նա հայտարարեց, որ այդտեղ չկան իր բարեկամները, սակայն արդյո՞ք այդպես է, ասում են, որ ոչ...Ըստ  Աբրամյանի` նա  հավակնություններ չունի վարչապետ կամ պատգամավոր դառնալու (նախագահ դառնալու մասին նա համեստորեն լռեց) եւ աջակցում  է այդ ուժին, որպեսզի երկիրը դուրս բերեն ստեղծված իրավիճակից:

«Հինգ կոպեկ փող են աշխատել, եկել են իրեց հայրենասերի տեղ են դնում, բա ո՞ւր էիք, հայրենասերներ», - մեղադրում է Աբրամյանը, նրանց, ով չի եկել Հայաստան, նշելով, որ նա եկել է, եւ արդեն մեկ ամիս է ինչ այստեղ է եւ ծախսում է իր փողերը:

Պարոնը նշեց, որ «միշտ դեմ եմ եղել այս իշխանությանը, ասել եմ, որ սա բերելու է փորձանքի», սակայն միշտ դեմ լինելը չեր խանգարում Արա Արշավիրովիչին 2 տարի առաջ լայն ժպիտով սեղմել այս իշխանության ձեռքը: Այսօր էլ նա «մեծ հարգանքով» է վերաբերվում այս իշխանությունների խոսափող «Հայկական ժամանկին»: Ի դեպ նա հայտարարեց, որ Նիկոլն էլ դրական կողմեր ունի:

Նա նշեց, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, ապա բոլոր հարցերը, այդ թվում Արցախի հարցը, վաղուց լուծած կլիներ: Սահայն այդպես էլ չբացատրեց, թե ինչու ժամանակին չվերադարձավ Հայաստան եւ չփորձեց ընտրվել երկրի ղեկավար: Հիմա բոլոր հարցերը լուծած կլինեինք, եւ ինչպես  Արա Արշավիրովիչն ասած, չէինք ունենա «անխելք ղեկավարներ»:

Ասուլիսի ժամանակ սակայն  Արա Աբրահամյանն զարմանալի բան ասաց. “Ինձ հայերն ավելի շատ են հայհոյում, քան ադրբեջանցիք”: Մի գուցե արժի նրան խորհել` ինչո՞ւ է այդպես ստացվում: Դե գուցե գաղթնիքը «գումանիտարնի» մարդ լինելու մեջ է. բանն այն է, որ Աբրամյանը հայտարարեց, որ ադրբեջանցիներին չի ցանկանում հայտվել այն վիճակի մեջ, ինչ մենք ենք հայտվել, եւ, առհասարակ, չի ուզում նրանց պատժել: Ավելին, նա հայտարարեց, որ «Հայ ժովորդի թշնամին Ադրբեջանը չի, ոչ էլ Թուրքիան է...»: Հավանաբար, այս բարձր հումանիզմը աննկատ չի մնացել Ադրբեջանում, դրա համար էլ քիչ են հայհոյում: Դե իսկ Նիկոլին ընդհանրապես նրանք չեն հայհոյում, եւ հայհոյում են միայն հայերը` երեւի Նիկոլը ավելի »գումանիտառնի» մարդ ա...

Մ.Բաղդասարյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն