ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ) այսօր նշում է Պարենի համաշխարհային օրը։ Այդ կապակցությամբ ուղերձով հանդես է եկել ՊԳԿ գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն։ Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

Այս տարվա Պարենի համաշխարհային օրը պատմական է։ COVID-19 համավարակը շարունակում է համաշխարհային մարտահրավեր մնալ, պատճառելով անասելի վնասներ ու խնդիրներ։ Կլիմայի փոփոխության ազդեցությունն ամենուր մեր շուրջն է։  Մշակաբույսերի դաշտերը հրո ճարակ են դարձել։  Անձրևները սրբել-տարել են մարդկանց տները։ Հակամարտությունների և այլ հումանիտար ճգնաժամերի արդյունքում մարդկանց կենսապայմանները, նրանց կյանքերը փոթորկալից իրադարձությունների կենտրոնում են հայտնվել։ Տարիներ շարունակ համաշխարհային պարենային անվտանգությունն այսչափ վտանգված չի եղել, որքան հիմա։ 

Այսուհանդերձ, այս պայմաններում ոգևորիչ խթան և էներգիայի աղբյուր է այն փաստը, որ ջանում ենք վերանայել սննդամթերքի արտադրության, պահպանման, բաշխման և սպառման եղանակները։ Մենք սկսել ենք առերեսվել խնդիրներին և կառուցվածքները մեզ համար առավել նպատակահարմար դարձնել։ 

Անցած ամիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի կողմից անցկացված ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողովում ընդհանուր գծերով քարտեզագրվեց ագրոպարենային համակարգերի գլոբալ վերափոխման հետագա ուղղությունն ու ընթացքը։ 

Այս հավաքի ամփոփիչ դրույթը հետևյալն էր. «Նյու Յորքից մինչև Հռոմ», որտեղ գտնվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և ՄԱԿ-ի պարենի գծով մյուս քույր գործակալությունները։ 

Մենք ՊԳԿ-ում արդեն ծալել ենք մեր թևքերը և լծվել իրականացման գործնական աշխատանքին ու վերափոխման խթանմանը։

Այստեղ, Իտալիայի մայրաքաղաքում անցած ամսվա սկզբին հաջողությամբ գումարվեց նախադեպը չունեցող Պարենի համաշխարհային ֆորում, որի ակտիվ կազմակերպիչները աշխարհի տարբեր երկրների երիտասարդներ էին, ՊԳԿ-ի և քույր գործակալությունների երիտասարդ ներկայացուցիչներ, որի նպատակը մեր երիտասարդ սերունդների ստեղծարարության և դիմակայունության խթանումն էր։ Այսօր ամենաշատը նրանց շահերն են վտանգված։ Նրանք են, որ պետք է կրեն կլիմայական ճգնաժամի և պարենային համակարգերի խաթարման անմիջական հետևանքները։  Միևնույն ժամանակ, աշխարհում ապրող 10-ից 24 տարեկան 1.8 միլիարդ երիտասարդ, որոնց շուրջ 90 տոկոսն ապրում են զարգացող երկրներում, անսահմանափակ ներուժ են ապահովում:

Մենք արդեն սկսել ենք դա ներառել իրազեկման մեծածավալ աշխատանքներում, ամբողջական լուծումների և երիտասարդների առաջնորդությամբ փոփոխություններին ուղղված կոնկրետ գործողությունների մեջ: Անշուշտ, միայն երիտասարդները չեն, որ պետք է մտահոգվեն մեր ագրոպարենային համակարգերի աննպատակահարմար լինելու և դրանք առավել արդյունավետ, ներառական, դիմացկուն և կենսակայուն դարձնելու համար։

Նույնիսկ այն բանից առաջ, երբ COVID-19-ը երևան բերեց գլոբալ պարենային համակարգերի խոցելիությունը, հարյուր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում արդեն իսկ տառապում էին սովից, և այդ թիվը վերջին տարվա ընթացում հասավ մինչև 811 միլիոնի՝ չնայած նրան, որ աշխարհը բավականաչափ սննդամթերք է արտադրում բոլորիս կերակրելու համար: Սա աներևակայելի է և անընդունելի:

Սրան զուգահեռ մեր արտադրած սննդամթերքի 14 տոկոսը կորչում է, իսկ 17 տոկոսը՝ վատնվում: Համադրելով սա սթրես առաջացնող այլ գործոնների հետ, ինչպիսիք են վնասատուները և հիվանդությունները**, բնական աղետները, կենսաբազմազանության կորուստը և բնական կենսամիջավայրի ոչնչացումը, ինչպես նաև հակամարտությունները, դուք կարող եք տեսնել սննդամթերքի օրեցօր աճող կարիքի բավարարման խնդրի մեծությունը, միևնույն ժամանակ նվազեցնելով ագրոպարենային համակարգերի բնապահպանական և կլիմայական ազդեցությունները։ 

ՊԳԿ-ն որպես պարենի և գյուղատնտեսության ոլորտի առաջատար գործակալություն, մշակել է գործիքակազմ, որը, մեր համոզմամբ, կարող է օգնել մեզ ազդելու այս բարդ համակարգային հիմնախնդիրներից շատերի վրա։

Մենք հստակ պատկերացնում ենք, թե ուր ենք գնում, որոնք եզրագծված են հետևյալ նպատակներով. ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր և ավելի լավ կյանք։ Եվ մեր աշխատանքն հիմնավորվում է առաջիկա տասը տարիների համար նախատեսված 2022-2031 թթ. նոր ռազմավարական փաստաթղթով, որը սահմանում է չորս «ավելի լավ»-երի իրագործման համար անհրաժեշտ կոնկրետ գործողություններ և միջոցներ, որտեղ ոչ ոք անտեսված չէ։

ՊԳԿ-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը սովին վերջ դնելու համար տարեկան 40-ից 50 միլիարդ ԱՄՆ դոլար պետք է ներդրվի նպատակային միջամտությունների համար։ Կան բազմաթիվ ցածրարժեք, սակայն մեծ ազդեցություն ունեցող նախագծեր, որոնք միլիոնավոր մարդկանց կարող են օգնել ավելի արդյունավետորեն բավարարել սննդամթերքի կարիքը:

Օրինակ՝ գյուղատնտեսությունը տեխնոլոգիապես առավել զարգացնելու նպատակով հետազոտության և մշակման ոլորտում կատարվող նպատակային միջամտությունները, թվային գյուղատնտեսության նորամուծությունները և կանանց շրջանում գրագիտության մակարդակի բարձրացումը կարող են մեծապես նպաստել սովի կրճատմանը։ Այսուհանդերձ, կան նաև այլ կարևոր տարրեր, ինչպիսիք են ավելի որակյալ տվյալները, կառավարումն ու ինստիտուտները, որոնք նույնպես պետք է բանաձևին ավելացվեն։

Բացի այդ, մեր մոտեցումը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե այն հիմնված է կառավարությունների և առանցքային գործընկերների համատեղ աշխատանքի վրա, որոնք դեպի վերափոխում տանող իրենց սեփական, ազգային ուղին են կերտում՝ ելնելով իրենց բնորոշ պայմաններից ու կարիքներից։

Մենք պետք է նաև գիտակցենք, որ գիտնականները, բյուրոկրատները, և անգամ սննդամթերք արտադրողներն ու բաշխողները երբեք իրենց ուժերով ի զորու չեն անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչել:

Վերափոխումը կարող է և պետք է սկզբնավորվի շարքային սպառողների պրագմատիկ և կոնկրետ գործողություններով և մեր կատարած ընտրություններով: Այն որոշումները, որոնք մենք ամեն օր կայացնում ենք մեր ամենօրյա սննդամթերքի, դրանց ձեռքբերման, փաթեթավորման, դեն նետվող սննդի քանակի վերաբերյալ, այս բոլորն ազդում են մեր ագրոպարենային համակարգերի և այս մոլորակի ապագայի վրա: 

Մենք բոլորս պարեն արտադրող հերոս դառնալու ներուժ ունենք: Մեր գործողությունները մեր ապագան են։ Մեր ագրոպարենային համակարգերի վերափոխման գործընթացը և գլոբալ սովի, առողջ սննդակարգի, շրջակա միջավայրի վնասների և թափոնների վրա ազդեցությունը սկսվում է քեզնից և ինձնից: 

Բայց և միայն մեզանով չի այն ավարտվում։ Հին ասացվածքն ասում է. «Մենք այն ենք, ինչ ուտում ենք»: Նմանապես ճիշտ է, որ մեր երեխաների ու թոռների զարգացման ձևը մեծապես պայմանավորված է մեր սպառած սննդամթերքով։ Նրանք պետք է զորավիգ լինեն մեր հույսերին։ Եկեք միասին սովորենք, միասին աշխատենք և միասին ներդնենք:

Hetq.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն