«Նախորդ երկու օրերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անցկացվում էին բանավոր հրապարակային լսումներ՝ Հայաստանի հայցով: Մեր երկիրը պահանջում է «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Խոսքը հարեւան երկրի կողմից էթնիկ հայերի նկատմամբ բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, հայկական հուշարձանների ոչնչացման, ինչպես նաեւ ատելության խոսքի մասին է: Ավելի վաղ Մինսկում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները: Դատելով պաշտոնական տեղեկություններից՝ կողմերի դիրքորոշումներն իրար դույզն անգամ չեն մոտեցել: Բայրամովը կարծում է, որ պետք է խաղաղություն հաստատել՝ ճանաչելով իր երկրի տարածքային ամբողջականությունը (այսինքն՝ ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս), ինչպես նաեւ ապաշրջափակել ճանապարհները (այսինքն՝ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» տրամադրել):

Ըստ Արարատ Միրզոյանի՝ պետք է բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակում եւ վերադարձնել ռազմագերիներին: Դրան հետեւել է նաեւ մոտավորապես նույն բովանդակությունն ունեցող Փաշինյան-Ալիեւ հեռակա բանավեճը ԱՊՀ գագաթնաժողովում: Այս իրադարձությունների, ինչպես նաեւ վերջերս կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ֆոնին Ադրբեջանն ինտենսիվացրել է սադրանքներն Արցախում, ունենք 6 վիրավոր: Հակառակ՝ սոցցանցերում տարածվող տագնապալի տրամադրությունների, կարծում եմ, որ այնքան ժամանակ, որքան Լեռնային Ղարաբաղում կան ռուս խաղաղապահներ, այնտեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն սկսվի: Ուրիշ հարց, որ մենք հենց այսօրվանից պետք է մտածենք, թե ինչ է լինելու 4 տարի հետո, երբ, բացառված չէ, խաղաղապահներն Արցախից գնան: Ինձ թվում է, Ադրբեջանի նպատակներից մեկը հենց դա է՝ ցույց տալ ռուսներին եւ ամբողջ աշխարհին, որ խաղաղապահները չեն կարողանում խաղաղություն ապահովել՝ նրանց ներկայությունն անիմաստ է, իսկ ահա երբ Ադրբեջանն «իր տարածքում» կարգ ու կանոն հաստատի (այսինքն՝ սպանի կամ արտաքսի բոլոր հայերին), ապա այդ ժամանակ տարածաշրջանում կհաստատվի կատարյալ անդորր: Այս պայմաններում թե որոնք պետք է լինեն հայկական կողմի քայլերը, այս պահին չեմ կարող ասել: Ինձ համար ակնհայտ է միայն, թե ինչ ՊԵՏՔ ՉԷ անել:

1/ Չհայտարարել, որ սկսվել է խաղաղության դարաշրջանը:
2/ Չհայտարարել, որ դրանք դրական ազդակներ են Ադրբեջանի կողմից:
3/ Առանձնապես հույսեր չկապել այսպես կոչված «միջազգային իրավունքի» հետ:

Այս վերջին կետի հետ կապված՝ փոքրիկ մեջբերում անեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրքից. «Թեեւ անցյալում եւս, ինչպես եւ մեր օրերում, միջազգային իրավունքը սահմանվում էր գերտերությունների կողմից, բայց դա տեղի էր ունենում ոչ թե համապատասխան կազմակերպությունների մակարդակով, այլ կայսրությունների որդեգրած եսակենտրոն հայեցակարգերի հռչակման միջոցով, փույթ չէ, թե դրանք ի բնե կհակասեին միմյանց, եւ ազգերի համակեցությունը կարգավորելու փոխարեն, աշխարհը կվերածեին անհաշտ թշնամանքի թատերաբեմի»: Թեեւ ասված է միջնադարի համատեքստում, բայց, կարծում եմ, արդիական է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն