Վլադիկավկազի գաղութներից մեկում անկարգություններ են տեղի ունեցել՝ 200 կալանավորի մասնակցությամբ
ՌԴ Վլադիկավկազ քաղաքի գաղութներից մեկում անկարգություններ են տեղի ունեցել, որին մասնակցել է մոտ 200 կալանավոր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի քննչական կոմիտեին:
Նշվում է, որ դեպքի վայր ժամանած ուժայինները կարգուկանոն են հաստատել: Քննիչները քրեական գործ են հարուցել «Զանգվածային անկարգությունների կազմակերպում և մասնակցություն» հոդվածով:
Ընդհանուր առմամբ, №1 ուղղիչ գաղութում պատիժ է կրում մոտ 600 մարդ: Ինչպես պարզվել է, անկարգությունները հրահրել են հանցագործներից երկուսը, որոնք գտնվում էին տուգանային մեկուսիչ խցում: Պլանային ստուգման ժամանակ նրանք հրաժարվել են ենթարկվել աշխատակիցների պահանջներին և մյուս կալանավորներին էլ անկարգության կոչ են արել:
Նրանք էլ սկսել են կոտրել բնակելի հատվածի ցանկապատն ու շարքից հանել տեսախցիկները: Ներկա պահին իրավիճակը հանգիստ է: