Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ հետընտրական հնարավոր գործընթացների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

«ՆԻԿՈԼԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ Է ՏԵՎԵԼՈՒ»

– Ինչո՞ւ չեք մասնակցում ընտրություններին, չէ՞ որ գոնե Ձեզ չեն կարող ասոցացնել նախկինների հետ, քանի որ երբեք իշխանությունում չեք եղել, իսկ սերնդափոխության հետ կապված էլ` լիովին տեղավորվում եք երիտասարդների շարքում:

– Շատ անգամ տարբեր տեսակետներ են հնչում այս հարցի շուրջ, բայց մեր պայքարը, որը ծավալում ենք գրեթե երեք տարի` սկսած 2018 թվականից, որեւէ մի անգամ մեզ մոտ չի առաջացրել այնպիսի միտք, որ պարտադիր պետք է մասնակցենք ինչ-որ խորհրդարանական արտահերթ գործընթացների: Համենայնդեպս, այս ընտրությունների մասով ես եւ մեր կուսակցությունը կայացրել ենք որոշում, որ չենք մասնակցելու, որովհետեւ գտնում ենք, որ դեռ շատ անելիքներ կան նաեւ այլ ոլորտներում: Կարծում եմ` քաղաքական գործունեությունը չի ավարտվում միայն խորհրդարանական ընտրություններով: Ինչպես տեսնում եք, այսօր ընտրական բազմազանություն կա: Երկու տասնյակից ավել կուսակցություններ մասնակցում են, եւ ընտրողները կունենան ընտրության հնարավորություն: Իսկ մենք մեր պայքարը շարունակելու ենք, քանի որ նիկոլիզմի դեմ պայքարը դեռ երկար է տեւելու` անկախ ընտրությունների արդյունքներից: Այնպես որ, հատուկ ինչ-որ խնդիրներ փնտրել պետք չէ, որեւէ բան ինձ չի խանգարել մասնակցել այս ընտրություններին, ընդհակառակը` բարենպաստ պայմաններ կան, բայց այս ընտրություններին մասնակցելու ցանկություն չկա: Մեր կուսակցությունն աջակցում է «Պատիվ ունեմ» դաշինքի մեր գործընկերներին, եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաջողություն ունենա: Իմ բոլոր համախոհներին, ընկերներին, կուսակցականներին հորդորել եմ, որ նույն կերպ, ինչպես մեզ կսատարեին, աջակցեն «Պատիվ ունեմ» դաշինքին:

– Պատերազմից առաջ Ձեր կուսակցությունը միակն էր, որ փողոց էր դուրս գալիս այս իշխանության դեմ, ո՞ւր էին այդ ժամանակ այսօր ընտրություններին մասնակցող երկու տասնյակից ավել կուսակցությունները, որոնք հիմա փորձում են վստահեցնել, թե իրենք էլ են, Ձեր ասած, նիկոլիզմի դեմ պայքարում:

– Ընտրողները, քաղաքացիները, մեր համախոհները շատ լավ տեսել են, թե ով որտեղ է եղել, գիտեն, թե այս վերջին երեք տարին ինչ է կատարվել մեր երկրի հետ, ու ով ինչ ձեւով է այդ ամենին արձագանքել: Իսկ թե ուր էին այդ կուսակցությունները կամ անհատները, կարծում եմ` այդ հարցն իրենց պետք է տալ: Մենք ազնիվ ենք եղել մեր ձգտումների եւ պայքարի մեջ եւ, որպես քաղաքացի, ուրախ եմ, որ վերջին երեք տարվա ընթացքում ինձնից հասնող ամեն ինչ արել եմ, որ օր առաջ ազատված լինեինք այս չարիքից, որի անունն է Նիկոլ Փաշինյան: Ցավոք, մեզ չհաջողվեց, եւ հիմա ընդդիմությունը ստիպված գնաց մասնակցելու այս ընտրական պրոցեսին, որը, իհարկե, լավագույն տարբերակներից մեկը չէր: Դրա համար ի սկզբանե ասում էինք, որ ընտրությունները պետք է անցկացվի ավելի ուշ, եւ լինի մի միջանկյալ, ժամանակավոր ընթացք, որպեսզի այն ատելությունն ու թույնը, որ տարածվում է այսօր, չլիներ: Իսկ ատելության տարածման հիմնական մեղավորն ու պատճառը Նիկոլ Փաշինյանն է իր ամենօրյա թունավորումներով, որը նա շարունակելու է անել մինչեւ ընտրարշավի վերջը:

«ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՍՈՂ ՄԱՐԴԸ ՉԷՐ ԹԱՔՆՎԻ ԲՈՒՆԿԵՐՆԵՐՈՒՄ»

– Իսկ ինչո՞ւ չհաջողվեց միասնական ճակատով պայքարել այս իշխանության դեմ: Չէ որ կային ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման տարբեր ձեւաչափեր:

– Կարծում եմ` ամեն կուսակցություն ունի իր տեսակետը, տրամաբանությունը, ծրագրերը: Բավականին բարդ է բոլորին մի սեղանի շուրջ նստեցնել եւ հասնել նրան, որ նույն ձեւով մտածեն: Բայց մի հարցում բոլորը համակարծիք են եղել, եւ այդ կոնսենսուսը կա, որ գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանից ազատվելն է: Համենայնդեպս, հիմնական ընդդիմադիր ուժերը, որոնք եղանակ փոխող էին, կարողացան իրենց շուրջ միավորել տարբեր ուժերի եւ անհատների: Եվ այդ տեսանկյունից այսօր քաղաքական դաշտում ընդդիմության ծրագրերի եւ քաղաքացիների հույսերի արտացոլումը հիմնականում «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքներն են, որոնք ունեն բավականաչափ ռեսուրս, որպեսզի համապատասխան գործառույթներ իրականացնեն: Բայց այստեղ կարեւոր է, որ  առաջին հերթին կարողանանք ազատվել Նիկոլ Փաշինյանից եւ հետագայում ոչ միայն երկրի զարգացումով զբաղվել, այլեւ արժանի պայքար մղել նիկոլիզմի դեմ: Չկարծեք, թե Նիկոլ Փաշինյանի պարտությունից հետո ամեն ինչ ավարտվելու է: Ընդամենն ավարտվելու է կինոյի առաջին սեզոնը, եւ սկսվելու է երկրորդը, որտեղ նա փորձելու է «հարամ» անել եւ խանգարել բոլոր լավ գործերը, որպեսզի յուրաքանչյուր չարված քայլ, խնդիր ի ցույց դրվի: Ռեւանշիզմը շարունակվելու է նրանց կողմից, չեն հանգստանալու եւ փորձելու են ամեն ձեւով վնասներ հասցնել մեր պետական եւ ազգային շահերին: Բայց իհարկե, այդ գործում առաջին քայլը պետք է լինի այն, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը ջախջախիչ պարտության ենթարկվի:

– Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բոլորովին էլ հեռացող իշխանության տրամադրությունների մեջ չէ, ավելին` հոխորտում է, թե ջարդելու է ընդդիմադիր «ոհմակի» ատամները:

– Երեք տարի է` լսում ենք նման արտահայտություններ: Նա փորձում է սպառնալիքներով եւ ցածրակարգ, էժանագին, շիզոֆրենիայի հասնող ելույթներով մարդկանց վրա տպավորություն թողնել: Սա արդեն ծիծաղ է առաջացնում եւ նրան որեւէ մեկն այլեւս լուրջ չի ընդունում: Կապիտուլյանտը, որը Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը կործանման եզրին է կանգնեցրել, այդքան մարդու ճակատագրի հետ է խաղաղացել, մեր տարածքները հանձնել է թուրքին, այսօր որեւէ բարոյական իրավունք չունի ընդհանրապես խոսելու: Այս ամենի վերջնական գնահատականը կտա մեր քաղաքացին ընտրությունների օրը, եւ նա այնքան քիչ ձայն կստանա, որ կհասկանա` այլեւս անելիք չունի:

– Բայց արածներով էլ դեռ հպարտանում է, օրինակ` պատերազմում կրած պարտությունով...

– Չեմ ցանկանում նույնիսկ մեկնաբանել իր անիմաստ եւ դատարկ խոսակցության առարկա դարձած թեզերը, որովհետեւ հոգեպես առողջ մարդը չի կարող նման հայտարարություններ անել: Այնպես որ, նրա հայտարարությունները մեկնաբանել, խորանալ, լուրջ ընդունել« կարծում եմ` չարժե:

– Ի դեպ, հունիսի 18-ին նա Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել է ուղիղ բանավեճի` ասելով. «Այդ ժամանակ ամեն ինչ լավ կերեւա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը»:

– Իրեն թուրքերեն բառակապակցությունները հարազատ են, քանի որ իր «կիրթ» ընկերոջ` Ալիեւի հետ ուղիղ կապը լավ է գործում, եւ իր խոսքով ասած` «լամիշ» են լինում իրար հետ: Նախ տղամարդկությունից խոսող մարդը չէր թաքնվի բունկերում, հետո այնտեղից հոխորտար, իսկ հիմա էլ թիկնապահներով ու մեծ պահակախմբով շրջեր իր սեփական երկրում, որպեսզի կարողանա ինչ-որ տեղ 2 մետր քայլ գցել: Իսկ նրա նախընտրական խղճուկ հանդիպումներն, իրոք, զավեշտալի են, որովհետեւ երկրի վարչապետը, որն իբր իշխող կուսակցության առաջնորդն է, Երեւան քաղաքի շտաբերում հանդիպում է 20 հոգանոց փոքր խմբերի հետ` անվտանգության հսկայական  աշխատակիցների ուղեկցությամբ: Սա ուղղակի ցույց է տալիս, որ նա իրականում չունի այլեւս ո՛չ վստահություն, ո՛չ էլ կարողանում է կազմակերպել իր բացօթյա հանդիպումները, որովհետեւ լավ հասկանում է, որ «Սյունյաց ողջույնների» է արժանանալու այդ հանդիպումների ժամանակ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն