«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Արմեն Քթոյանը

Standard & Poor’s վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: Վարչապետն ասում է, որ սա նշանակում է, որ միջազգային ներդրողները վստահեցին Հայաստանի կառավարության կարողությանը՝ պահպանելու մակրոտնտեսական կայունությունը և հաղթահարելու ճգնաժամը։ Սա ի՞նչ է տալիս Հայաստանին առհասարակ:

Տալիս է հենց այդ արձանագրումը: Այսինքն վարկանիշային կազմակերպությունները գնահատում են ներկա իրավիճակը, գնահատում են միտումները: Հիմա «Standard & Poor’s»-ը գնահատական տվել է հետևյալ կերպ՝ դիտարկելով ռիսկերը և ֆիքսելով այդ ռիսկերի առկայությունը, այդուհանդերձ, իրենք նաև արձանագրում են, որ հետճգնաժամային վերջին ժամանակահատվածում կատարվել է ռիսկերի  այնպիսի կառավարում, որը համարժեք է իրավիճակին:  Դա հնարավորություն է տվել հենց մակրոտնտեսական, ֆինանսական կայունությունը պահպանել: Այդ առումով,  այդ գնահատականը դրական է: Այսինքն բարդ իրավիճակում կարողացել ես ճիշտ կառավարել ռիսկերը, մարտահրավերների միջով այնպես դուրս գալ, որը հնարավորություն է տալիս կայունության պահպանել: Դրա հակառակ տարբերակը կարող է լինել, ասենք, վճարունակության համար ռիսկերի ստեղծումը, ինչը մեր իրավիճակում նշանակում էր լուրջ պարտք, հետպատերազմական մարտահրավերներ, ինչը մեզ համար այնպես չէ, որ անհավանական սցենար էր:

Մհեր Գրիգորյանն էլ հայտարարել է, որ սա իրադարձություն է, որը նպաստում է ներքին կապիտալի շուկայի ձևավորմանը: Այդ շուկայում մենք ինչ ունենք վերջին շրջանում, որովհետև կապիտալ ներդրումների մասով բավականին բացեր կային նախորդ տարիներին:

«Standard & Poor’s»-ը իր արձանագրած գնահատականով կայունության գնահատական են ստանում նաև մեր ֆինանսական գործիք թողարկողները: Դա ազդակ է ներդրողների համար, որովհետև կան  պորտֆելային ներդրողներ, որոնք ունեն կապիտալ և այդ կապիտալը ոչ թե ուզում են ուղղակի ներդրում անեն, ինչ-որ արտադրություն հիմնեն, այլ կարճաժամկետ կամ միջնաժամկետ պարտատոմսեր կամ այլ ֆինանսական ակտիվներ ձեռք բերել: Այդպիսի պորտֆելային ներդրողների համար սա կարևոր ազդակ է: Այսինքն Հայաստանի և հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների արժեթղթերում կարելի է ներդրում կատարել, ինչը կնպաստի նաև կապիտալի շուկայի բազմազանեցմանը: Մեզ մոտ հիմնականում կապիտալի շուկայում  գերիշխում են պետական պարտատոմսերը և հիմնական խաղացողը մեր տնտեսվարող սուբյեկտներն են:

Այսինքն սրանից հետո կարող են նաև օտարերկրյա ներդրողներ հայտնվեն մեր կապիտալի շուկայում:

Սա ազդակ է ինչ-որ առումով մասնավոր ընկերությունների համար՝ արժեթղթեր թողարկելու և ներդրողների համար ազդակ է, որ այդ արժեթղթերը կարող են կայուն լինել:

Իսկ պատերազմից հետո որքանո՞վ է հայաստանյան շուկան գայթակղիչ ներդրողների համար: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը որքանո՞վ է խրտնեցնում ներդրողներին:

Եկեք նորից տարանջատենք պորտֆելային ներդրողներին և ուղղակի ներդրում անողներին: Պորտֆելային ներդրողները կարճաժամկետ օգուտ են փնտրում և ինչ-որ առումով մեր նման երկրները իրենց համար կարող են գրավիչ լինել, որովհետև մեր  նման երկրները, որոնք ռիսկային տարածաշրջանում են, իրենք ստիպված կապիտալ ներգրավելու համար պետք է առաջարկեն ավելի բարձր տոկոսադրույքներ: Եթե այդ բարձր տոկոսադրույքի հետ միասին նաև  վարկանիշային կազմակերպությունը կայուն վարկանիշ է շնորհում, դա նշանակում է, որ իրենք կարող են մեր կապիտալի շուկայում միջինից բարձր եկամտաբերություն ստանալ՝ կառավարելի ռիսկով: Դա սպեկուլյատիվ կամ պորտֆելային ներդրումների դեպքում: Իսկ ուղղակի ներդրումների պարագայում խնդիրներ կան, որոնք ավելի երկարաժամկետ, ավելի հիմնարար բնույթ ունեն և ենթադրում են ասենք, Հայաստանում արտադրության ձեռք բերում կամ հիմնում: Իսկ այդտեղ ռիսկերն շատ ավելի զգալի են, և այս ոլորտում եղած խնդիրները պատերազմից առաջ էլ եղել են: Այսինքն հայաստանյան տնտեսությունը ուղղակի ներդրումների համար շատ մեծ գրավչություն չունի: Կան մի քանի ոլորտներ, որոնք կլանում են հիմնական ներդրումները, այլ ոլորտների մասով բավականին խնդիրներ ու դժվարություններ կան: Պատերազմից առաջ էլ էր այդպես, պատերազմից հետո առավել ևս, այո, երկրի ընդհանուր անկայունությամբ պայմանավորված որոշակի լրացուցիչ ռիսկեր ի հայտ գալիս են: Պատերազմի գործոնը ստեղծում է հետևյալ վիճակը, որ մեզ մոտ ներդրողներ կգան այն դեպքում, երբ դու ապահովես ավելի  բարձր շահույթ, քան նույն գործունեության համար կարող են լինել այլ երկրներում: Դա խնդրահարույց է: Հիմա կառավարության անելիքը պետք է լինի շահույթի մարժան որոշակիորեն նվազեցնելը՝ երկրի ռիսկը նվազեցնելով, տարբեր աջակցության ծրագրերով, տնտեսվարողներին խթանելով, կամ ինքը ևս մասնակցելով որոշակի ներդրումային պրոցեսների: Դա հնարավորություն կտա ինչ-որ տնտեսումներ անել և այն ռիսկի ավելացած մասը, որը կար երկրի ռիսկով պայմանավորված, այսկերպ հնարավոր կլինի փոխհատուցել:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն