Այս գործարքը կասկածելի է թվում․ քսան տարի շարունակ խոստումներ ենք լսում, բայց սայլը տեղից չի շարժվում
Կառավարությունը 10 մլն դոլար կամ 4,7 մլրդ դրամ է ներդնում Հայաստանում ազգային ավիաընկերություն ստեղծելու նպատակով։ Կառավարությունը հոկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության կանոնադրական կապիտալում նորաստեղծ ավիաընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման նպատակով 4,7 մլրդ դրամ ներդնելու նախագծին։
2021 թվականի հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերության և Air Arabia ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանում ստեղծել ազգային ավիաընկերություն: Այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը» պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,7 մլրդ դրամ, իսկ Էյր Արաբիա ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով։
Փաշինյանն ինքն էլ նշել է, որ այս գործընթացի հետ կապված կան որոշակի կասկածներ, մտավախություններ, բայց կարծում է, որ ստեղծվել են բավարար պայմաններ ռիսկերը կառավարելի դարձնելու համար։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր հաշվարկներով 50 միլիոնի ներդրում է անհրաժեշտ։
«Հավանաբար, Էյր Արաբիա ընկերությունը այդ գումարները կներդնի։ Համենայն դեպս, Էյր Արաբիան օդանավերը տրամադրելու է, իսկ գիտեք, որ այդտեղ ամենաթանկն օդանավերն են, և արդեն ապրիլից պետք է 4-5 օդանավ թռիչքներ իրականացնի։ Սրանք խոստումներ են, խոստումները կիրականանան, թե ոչ, չեմ կարող ասել։ Քսան տարի շարունակ խոստումներ ենք լսում, բայց սայլը տեղից չի շարժվում։ Այնպես որ, նախօրոք ինչ-որ բան ասել չեմ կարող։ Այդ առումով գուրու չեմ։ Հնարավոր է՝ կես տարի հետո բոլորվին այլ իրավիճակ լինի, իրենք էլ հրաժարվեն, ինչպես լոուքոստների հետ տեղի ունեցավ»,-հավելեց Շահեն Պետրոսյանը։
Ավիաընկերությունը, ըստ կառավարության ղեկավարի, կանոնավոր չվերթներ կիրականացնի արդեն 2022-ի գարնանը։
Որքանո՞վ է իրատեսական 2022-ի գարնանից կանոնավոր չվերթներ իրականացնելը։ Շահեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ մեկ տարին կարող է իրատեսական լինել․«Երբ ես այն ժամանակ իմ ծրագիրը ներկայացրել էի կառավարությանը, այնտեղ նշված է, որ մեկ տարվա ընթացքում հնարավոր է այդ ամենը կարգավորել։ 2019-ին ծրագիր էի ուղարկել, բայց կառավարություն զրո վերաբերմունք ցուցաբերեց այդ ծրագրի նկատմամբ։ Բացի այդ, ինձ համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) անհասկանալի կառույց է, այս կառույցը 50 տոկոսով մասնակից է դառնում, թե որտեղից են այդ գումարները գոյացել, որևէ հաշվետվություն գոյություն չունի։ Այս գործարքը կասկածելի է թվում։ Ցանկությունս այն է, որ լավ կլինի, որ լինի, բայց երբ կլինի, այն ժամանակ կխոսենք»,-ասաց Շահեն Պետրոսյանը։
1in.am