Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) Մարզիկների կոմիտեի նախագահ։ Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ջուլֆալակյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար:

«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Մարզիկների կոմիտեի իմ գործընկերներին՝ ընտրությունների ժամանակ իրենց վստահության և աջակցության համար: Ինձ համար մեծ պատիվ է դառնալ կոմիտեի նախագահը»,- ասել է Ջուլֆալակյանը:

Անվանի ըմբիշը 2017 թվականից եղել է Մարզիկների կոմիտեի անդամ, բայց հիմա արդեն կլինի ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի Բյուրոյի ընտրող անդամ: Բացի Բյուրոյում մարզիկների ներկայացուցիչը լինելուց, նա նաև կներկայացնի ըմբիշներին ՄՕԿ-ի Մարզիկների Ֆորումում, WADA-ում և այլ կազմակերպություններում:

«Հավաստիացնում եմ, որ կօգտագործեմ իմ ողջ գիտելիքները, փորձառությունը և էներգիան,որպեսզի կոմիտեն էլ ավելի բարձր մակարդակի բարձրանա: Իհարկե, դա հնարավոր կլինի միայն կոմիտեի բոլոր անդամների և UWW-ի հետ սերտ համագործակցության դեպքում»,- նշել է Արսեն Ջուլֆալակյանը:

Որպես Մարզիկների կոմիտեի նախագահ՝ Արսեն Ջուլֆալակյանն առաջին անգամ կաշխատի այս ամսվա վերջին՝ Սերբիայում կայանալիք UWW-ի Բյուրոյի և Կոնգրեսի համաժողովում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն