Ռուսաստանը փակել է իր ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում և խզել դաշինքի հետ ունեցած դիվանագիտական կապերը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ ղեկավարությունը հետ է ուղարկել ՌԴ ներկայացուցչության մի քանի դիվանագետների, որոնց համարել է ծպտյալ հետախույզներ:

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության լարման հերթական դրվագը համընկնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի ռեգիոնալ այցին: Կոլոմինան հոկտեմբերի 19-ին Ադրբեջանից մեկնել է Վրաստան, իսկ 20-ին Վրաստանից կայցելի Հայաստան:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ կոնկրետ Վրաստանի մասով հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է  սատարել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Նաև այց է եղել Հարավային Օսիայի հետ ադմինիստրատիվ սահման։ Կոնկրետ այդ այցով, ըստ Մելիքյանը, ևս մեկ անգամ շեշտադրվեց, որ տարածքային ամբողջականության հետ կապված հարցեր կան․«Կարևոր է շատ, որ վերջին շրջանում խոսքը գնում է այն մասին, որ Վրաստանը  լուրջ դերակատարություն ունի Սև ծովյան  տարածաշրջանի անվտանգության հարցերում, ինչը  ՆԱՏՕ-ի համար կարևոր շրջաններից է համարվում։ Պարզ է, որ մենք պետք է հասկանանք, որ իրենք փորձելու են տարածաշրջանի միջոցով Ռուսաստանի  վրա ճնշում գործադրելու հնարավորություններ գտնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մելիքյանի՝ հստակ է, որ այդպիսի իրավիճակը Հայաստանի շահերից չի բխում․«ՆԱՏՕ-Ռուսաստան բարդ ու վերջին շրջանում էլ ավելի վատ հարաբերություններ են հաստատված։ Վրաստանի վրա շեշտադրում դնելով իրենք ցույց են տալիս, որ  շարունակելու են այդ ուղով համագործակցությունը։ Բայց այդ  համագործակցության առումով դեռևս որևէ առաջընթաց չկա։ Հետաքրքիր մի բան ասվեց նաև Վրաստանի դերակատարության մասով հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Իմ կարծիքով մի քիչ չափազանցված է, երբ վրացական կողմը հայտարարում է, որ կարևոր դերակատարություն ունի հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Չէի ասի, որ այդքան կարևոր դերակատարություն ունի։ Կոնկրետ որոշ հումանիտար հարցերում դերակատարություն եղել է, բայց այստեղ Վրաստանն իր փիարն է արել, արևմուտքն էլ՝ իր։ Մեր մասով չգիտեմ ինչ սպասեմ՝ մենք  ունենք համագործակցության հստակ ու ընդգծված շրջանակ, բայց  որևէ  առաջընթաց չեմ ակնկալում։ Եթե Ռուսաստանի վրա ճնշումներն ավելանան ու մեր տարածաշրջանում Վրաստանի միջոցով փորձեն դա անել՝ պարզ է, որ մենք բարդ իրավիճակում կհայտնվենք։ Մենք  մի կողմից ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, մյուս կողմից էլ ցանկանում ենք արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ զարգացնել։ Այդ հակադրությունը մեր ցանկությունների հնարավորությունը նեղացնում է»։

Դիտարկմանը, թե երբ խոսում ենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին , հաճախ  մասնագետները մեջբերում են ՆԱՏՕ-ի օրինակը և շեշտում, որ նույնիսկ  ձգտում ունեցող երկիրը ՆԱՏՕ-ի կողմից պատշաճ վերաբերմունքի չի արժանանում, փորձագետն արձագանքեց․«Մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում ունենալ։ Մենք  գտնվում ենք ՀԱՊԿ-ում, ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ ու տասնյակ տարիներ մեր անվտանգային կոմպոնենտը կառուցվել է Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-ՀԱՊԿ ֆորմատի մեջ։ ՆԱՏՕ-ի հետ ունեցել ենք հստակ աշխատանքի շրջանակներ։ Բայց եթե մենք ապահովում ենք մեր անվտանգությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, այստեղ մի քիչ դժվար է  պատկերացնել, որ Հայաստանը կարող է ավելին ակնկալել ՆԱՏՕ-ից։ Վրաստանը ունի հստակ խնդիր՝ տարածքային ամբողջականության հետ կապված, դրա մեջ մեղադրում է Ռուսաստանին, համարում այդ երկրին օկուպանտ, դրա համար էլ ինքը հակադրելու ու իր անվտանգությունը հավասարակշռելու հնարավորություններ չունի, ընտրել է եվրոտլանտյան ուղին։ Իրենք ունեն մոտիվացիա ինտեգրվել ՆԱՏՕ-ին ու օգտվել այդ կառույցի անձրևանոցից։ Մինչդեռ ես  դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանը կարողանա այսպիսի լուրջ փոփոխություն անել իր արտաքին, անվտանգային քաղաքականության մեջ, որ այստեղ կարիք լինի ՆԱՏՕ-ի հետ օրակարգ ընդլայնել։ Մենք չունենք ցանկություն անդամագրվել ՆԱՏՕ-ին»։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն