Մարդու իրավունքների պաշտպանը ՊՆ-ի հետ հեռակա բանավեճը համարում է փակված
Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն արձագանքել է պաշտպանության նախարարության այն հայտարարությանը, որով պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ պնդել էր օմբուդսմենի հայտարարություններում առկա անճշտությունների մասին․
«1․ Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:
2․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
3․ Թեման համարում ենք փակված»,- ասվում է ՄԻՊ-ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 18-ին Արման Թաթոյանը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Արձագանքելով այս հայտարարությանը՝ հոկտեմբերի 19-ին պաշտպանության նախարարությունը նշել էր, թե մարդու իրավունքների պաշտպանի գրառման մեջ առկա են մի շարք անճշտություններ, ինչպես նաև պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։
ՊՆ-ի այդ հայտարարությանը հետևել էր Արման Թաթոյանի՝ հոկտեմբերի 21-ի պատասխանը, որում նա նշել էր, թե այդպիսի տվյալներ ներկայացնելու համար իրենց տրամադրության տակ կան հավաստի ապացույցներ, ինչպես նաև հրապարակել էր տեսանյութ։ Պաշտպանական գերատեսչությունն էլ այսօր կրկին պնդել էր, թե ՄԻՊ-ի հայտարարության մեջ կան մի շարք անճշտություններ։
Hetq.am