Պուտինի ասելուց հետո Փաշինյանը կպայքարի՞ ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզով ամրագրված ՀՀ-ին պատկանող Սև լճի տարածքի համար
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդրին՝ նշելով, որ այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում:
«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, հնարավոր չէ որևէ բան անել առանց Ռուսաստանի մասնակցության: Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ՝ բացառությամբ երկու կողմերի և Ռուսաստանի: Ինչո՞ւ՝ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան այստեղ. ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին: Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա, երկու կողմն էլ պետք է հանգիստ քննարկի: Այնտեղ կան բաներ, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում. ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, պարզ լինի, որ ձեռնտու է երկու կողմերին: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ կողմնակից են նաև բազմակողմանի ֆորմատ գտնվելուն, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվացմանը:
Հիշեցնենք, որ 2021թ․ մայիսին, երբ արդեն ադրբեջանական զինծառայողները ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք, այդ թվում՝ Սև լճի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակեց դեռևս 1929թ. հաստատված քարտեզները, որոնց համաձայն՝ Սև լճի հիմնական մասը, ինչպես նաև լճից հարավ և հարավ-արևելք ընկած բլուրները, որոնք զավթել է Ադրբեջանը, Խորհրդային Հայաստանի սահմաններում են։ Այսինքն, Սև լիճը, բացի հյուսիսային փոքր հատվածից, ամբողջությամբ Հայաստանի տարածքում է։
Այսինքն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սև լճի արևմտյան, հարավային և արևելյան ափեզրերի շրջանում ադրբեջանական զինուժի առկայությունը միանգամայն անօրինական է, իսկ հիշյալ տարածքների պատկանելությունը Հայաստանի Հանրապետությանն աներկբա է ու որևէ առումով չի կարող վիճարկվել։
Քարտեզների հրապարակումից օրեր անց Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և Սև լճին՝ նշելէր․
«ԽՍՀՄ քարտեզներ հրապարակվեցին, բոլորս տեսանք, որ սահմանի վերևի մի հատվածն անցնում է ջրի միջով՝ 20-30 տոկոս: Հիմա մենք նայենք, ուսումնասիրենք՝ եթե, իրոք, այդպես է, ասենք՝ հա՞, թե՞ ասենք՝ Սև լճի այդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսելու։ Ո՛չ, այդպես չի լինում ուղղակի, մենք չենք գնալու իրավիճակի սրման ճանապարհով, այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»:
Սրանով Փաշինյանը ցույց տվեց, որ պատրաստ չէ պայքարել հանուն արդարության, որոնք ամրագրված են ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզում, ինչի արդյունքում փաստացի Սև լճի տարածքն ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, սա փաստել են և՛ ադրբեջանական լրատվամիջոցները, և՛ հայկական:
Հավելենք, որ 2020 դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր.
«Բայց խնդիրն այն է, որ Սովետական Միության կամ 20-րդ դարում Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ արել են դեմարկացիա և դելիմիտացիա: Այն ժամանակ արել են, ինչը չի նշանակում, որ ավտոմատ այսպես փոխարինվում է, բայց ինչ-որ մի կետ պետք է հիմք ընդունել»:
Հետաքրքիր է՝ Փաշինյանն ի գիտություն կընդունի՞ ՌԴ նախագահ Պուտինի առաջարկ-հիշեցումը և կպայքարի՞ ՀՀ-ի «քարտեզային» իրավունքի համար, թե՞ փաստաթղթային առավելությունների պարագայում կշարունակի միակողմանի զիջումը՝ ՀՀ-ի օրինական սահմանները «վաճառելով» Ադրբեջանին:
168.am