Մեր զրուցակիցն է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը

Պարոն Թունյան, Էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ կառավարության աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց լավ ապրելը, սակայն գնաճը խժռում է այդ արդյունքի մի մասը: Ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը, որ իր աշխատանքի արդյունքը որևէ մեկը չխժռի: Արդյոք հնարավոր է որևէ կերպ զսպել գնաճը:

Իհարկե, մեզ մոտ գնաճի ցուցանիշը բավականին բարձր է և վերջին տվյալներով, 12-ամսյա գնաճը մոտ 9 տոկոս է, իսկ սննդամթերքի գնաճը 15 տոկոսից ավելի է, ինչը, բնականաբար, խնդիրներ է ստեղծում ցածր եկամուտներ ունեցող մարդկանց համար: Բայց պետք է նկատի ունենալ, որ կառավարությունը և պետական կառույցներն իրենց կողմից պահանջվող քայլերը կատարում են: Այսինքն Կենտրոնական բանկը իր գործիքակազմով, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործիքակազմով փորձում են նախ մի կողմից կարգավորել ընդհանուր գնաճը, մյուս կողմից բացառել գների անհարկի, չհիմնավորված բարձրացումները:

Այստեղ պետք է նաև նկատի ունենալ, որ երբ ասում ենք գնաճը մեզ մոտ ունի օբյեկտիվ հիմքեր, դրա ամենավառ վկայությունը համեմատականն է, որովհետև ԱՊՀ երկրների շարքում ամենացածր գնաճի ցուցանիշը հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար ունեն Հայաստանն ու Ռուսաստանը: Վրաստանում ընդհանրապես մի քանի տոկոսային կետով ավելի բարձր է, իսկ դա նշանակում է, որ եթե միջազգային գներն աճում են, Հայաստանում նույնպես գներն աճում են: Պետությունը չի կարող ուղղակի արգելել որոշակի մակարդակից վերև գներ թելադրել: Պետությունը պետք է հսկի, որպեսզի թանկացումները չլինեն հիմնավորվածից ավելի և աշխատի այնպես անել, որ մարդկանց եկամուտներն ավելի արագ աճեն:

Երեկ էլ ձկնորսները փակել էին Երևան–Սևան մայրուղին։ Նրանք նշում էին, որ լճից 10 հազար տոննա ձուկ են որսացել, սակայն թղթերով ներկայացվել է թույլատրելի 300 տոննան, որ այդտեղ լուրջ կոռուպցիա կա, որի հետևանքով իրենք են տուժում: Ի՞նչ կարող եք ասել այս մասով։

Եթե այդ ոլորտում կոռուպցիա կա, ապա ես այդտեղ ավելի շատ տեսնում եմ, որ հարցի հասցեատերը ոչ թե տնտեսական ոլորտի պատասխանատուներին, այլ իրավապահներին: Եթե նման կասկածներ կան, ապա կարծում եմ՝  համապատասխան մարմինները պատշաճ գործողություններ կիրականացնեն:

Պարոն Թունյան, ՊԵԿ–ը հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, բայց տեսակետ կա, որ այսպես ասած խոշոր օլիգարխները, իսկ իշխանությունների ձևակերպմամբ՝ սեփականատերերը նորից շահեկան դիրքերում են։ Դուք ինչպես եք գնահատում ցանկը, խոշոր «ձկները» նորից արտոնյա՞լ են։

Խոշոր հարկատուների ցանկը, բնականաբար, միշտ ամենաքննարկված թեմաներից մեկն է, բայց պետք է նկատի ունենալ, որ նախ խոշոր հարկատուների ցանկը վերաբերում է դրամային հոսքերին, այլ ոչ թե իրական տնտեսական վիճակին: Սա եթե ավելի պարզ ներկայացնեմ, հետևյալն է. կարող է լինել ընկերություն, որ նախորդ տարիներին ունենա գերավճար, այս տարի այդ գերավճարը մարվի, ինքը հարկ չվճարի, ու այդ ցանկում նահանջի: Եվ կարող են լինել ընկերություններ, որոնք չնայած ունեցել են վատ ֆինանսական ցուցանիշներ, բայց ունեցել են հարկային մարմնում կուտակված պարտավորություններ, որոնք կատարեն և ցանկում վերև բարձրանան: Այսինքն այստեղ պետք է մի քիչ ավելի լայն դիտարկել:

Ինչ վերաբերում է շահեկան դիրքերին, եթե շահեկան դիրքը այն է, որ խոշոր սեփականատերերին պատկանող ընկերությունները վերև են բարձրացել, դա կարող է ներկայացվել և որպես լավ, և որպես վատ ցուցանիշ: Կարելի է ներկայացնել, որ նրանք սկսել են ավելի շատ հարկեր վճարել, ստվերն է կրճատվել մյուս կողմից, կարող են ներկայացնել, որ խոշոր բիզնեսի կշիռը աճում է ի համեմատ փոքրերի: Ես, անկեղծ ասած, մանրամասն չեմ ուսումնասիրել ըստ առանձին ընկերությունների, բայց ընդհանուր գծերով ծանոթ եմ խոշոր հարկատուների ցանկին, ու այդտեղ աճը բավականին տրամաբանական է և համամասնորեն բաշխված է տարբեր ընկերությունների և տարբեր ոլորտների միջև:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն