Իրանից Հայաստան է եկել առևտրի ոլորտում մասնագիտացած երկու պատվիրակություն՝ ուսումնասիրելու Իրան-Հայաստան առևտրային համագործակցության խոչընդոտները և երկու երկրների միջև արտահանման հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առևտրային կցորդի հայտարարությունը:

Ըստ Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության հաղորդագրության՝ Իրանի դեսպանատան առևտրի կցորդ Աքբար Գոդարին հայտնել է, որ նշված այցի ընթացքում պոլիմերի և պլաստմասսայի արտադրության ոլորտի գործարարների պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի հետ՝ աշխարհաքաղաքական խնդիրները, հայկական շուկայի կարևորությունը, օրենքներն ու կանոնակարգերը, ինչպես նաև` համատեղ արտադրությանը առնչվող հարցերը քննարկելու համար:

«Հանդիպման ընթացքում իրանցի գործարարները խնդրել են Իրանում ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ, ներկայացուցչությունների հետ միասին, գործուղել նաև առևտրային պատվիրակություններ: Որոշվել է այդ հարցը քննարկել կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո», - ասել է Աքբար Գոդարին:

Իսկ Հայաստան-Իրան առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման և արտահանման ու առևտրի ոլորտներում առկա խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:

Հերվիկ Յարիջանյանի տեղեկություններով՝ հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին հասնում են 500 մլն ԱՄՆ դոլարի:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն