«Արտահոսք»․ Փաշինյանի հրաժարական, պայմանավորվածության տապալում, թե Արցախի ճանաչում
Նոյեմբերի 8-9-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման մասին «արտահոսքը», ըստ որի Երևանն ու Բաքուն ստորագրելու են երկու փաստաթուղթ՝ սահմանազատման և ապաշրջափակման մասին, գնահատվել է տարբեր կերպ․ ոմանք պնդում են, որ արտահոսքը պայմանավորվածությունները խոչընդոտելու համար է, ոմանք ասում են, որ իշխանությունները փորձում են «բողոքներ հրահրել» և նույնիսկ չեն բացառում Փաշինյանի հրաժարականը, մյուսները ակնարկում են, որ արտաքին ուժերը դա թույլ չեն տա և կճանաչեն Արցախի անկախությունը:
Արձագանքը «արտահոսքին» վկայում է մի շարք կարևոր հանգամանքների մասին.
- Քչերն են կասկածում, որ իշխանությունները կստորագրեն նման փաստաթուղթ
- Քչերը հույս ունեն, որ «ընդդիմությունը» բողոքի շարժում կսկսի ու կբարձրացնի ռեւանշի դրոշը։
- Գործնականում ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանը մտադիր է «վեճը» լուծել հօգուտ Բաքվի, միայն թե կարողանա պահպանել իր ներկայության ուրվականը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ «արտահոսքից» առաջ տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում էին գտնվում Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի և ԵՄ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչները: Երկուսն էլ պնդել են բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և ուժի չկիրառման սկզբունքի պահպանումը։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հայաստանն անվանել է Դաշինքի հուսալի գործընկեր:
Նույն օրը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ կարգավորման կարևորությունը։ Տարածաշրջան է այցելել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, ով փաստացի հայտարարել է ռուս-թուրքական 3+3 ձևաչափի անընդունելիության մասին։
Սոչիում Պուտինն ու Իսրայելի վարչապետը զրուցել են 5 ժամ։ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ վերսկսել միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ ուղիղ բանակցությունները:
Իրանը վերացրել է լարվածությունը Բաքվի հետ հարաբերություններում,արգելել իր քաղաքացիներին մեկնել Արցախ, բանակցությունների մեջ է մտել Թուրքիայի և Ռուսաստանի հետ: Սոցցանցերը կրկին հղում են անում նախկին արտգործնախարար Զարիֆի հարցազրույցի արտահոսքին, ով պնդում էր, որ Ռուսաստանին հաջողվել է իրանական օդային և ցամաքային ուժերը «ներքաշել» սիրիական հակամարտության մեջ, և որ ԱՄՆ-ի հետ իր երկրի մերձեցումը հակասում է Մոսկվայի շահերին։
Ինքը Պուտինը նշել է իր շահերը. «Ադրբեջանը շահագրգռված է Նախիջևանի հետ նորմալ հաղորդակցություն ունենալու մեջ։ Հայաստանը նույնպես շահագրգռված է Թուրքիայի հետ կապերի ապասառեցմամբ։ …Բայց բանն այն չէ, որ մեր Հայտարարության համապատասխան կետը նախատեսում է ռուսական կոնտինգենտի գտնվելու ժամկետի հնարավոր երկարաձգում։ Բայց մի՞թե դա է հարցը: Խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ կառուցելն է։ Սա ամենակարևորն է։ Հուսով եմ, որ մենք կարող ենք դա անել»: