Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի հիման վրա։

Ինչպես գրում է «Մեհր» գորձակալությունը, հեռախոսազրույցից հետո Ամիր Աբդոլլահիանը Twitter-ում գրել է. «Մենք իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ անկեղծ, ջերմ և կառուցողական զրույց ունեցանք լիարժեք հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերաբերյալ»:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հինգշաբթի  Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանն ազատ է արձակել երկու ձերբակալված իրանցի վարորդների։

Մինչդեռ ԻՌՆԱ գործակալությունը հավելում է, որ Իրանի արտգործնախարարը հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը վճռական է Բաքվի հետ երկկողմ հարաբերությունները ընդլայնելու և խորացնելու հարցում։ Ամիր Աբդոլլահիանը բարձր է գնահատել կալանավորված երկու իրանցի վարորդների ազատ արձակումը և դա որակել որպես կառուցողական քայլ, որը կարող է անհրաժեշտ հիմք ստեղծել թյուրիմացությունները հարթելու համար։ 

Նա կոչ է արել ավելի շատ դրական քայլեր անել և դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում: Շեշտելով երկու պետությունների կողմից դրական և հեռանկարային մոտեցման որդեգրման անհրաժեշտությունը՝ նա ընդգծել է երկու երկրների միջև համատեղ տնտեսական հանձնաժողովի գործունեությունը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։ 

Բայրամովը, իր հերթին, ողջունել է երկու պետությունների կողմից ձեռնարկված դրական քայլերը՝ թյուրիմացությունները լուծելու համար, երկու իրանցի վարորդների ազատ արձակումը, ինչպես նաև սահմանային տարանցման վերաբերյալ իրանական համապատասխան հաստատությունների կողմից տրված վերջին հրահանգը՝ որպես ազդանշան երկու կողմերից ՝ լուծելու համար թյուրիմացությունները:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն