Լիբանանի նախագահը Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի հետ քննարկել է երկրի ներքին վիճակը
Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը Բաաբդա պալատում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին՝ նրա հետ քննարկելով Լիբանանի ներքին իրավիճակը:
Այդ մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լիբանանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ըստ աղբյուրի՝ նախագահական նստավայր կատարած շնորհակալական այցի ընթացքում Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանին ուղեկցել է եպիսկոպոսների և հոգևոր հայրերի պատվիրակությունը:
Նախագահ Աունը շնորհավորել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքին երդմնակալության կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ եկեղեցական նոր պարտականությունների կատարման գործում:
Զրույցի ընթացքում նախագահ Աունն արձանագրել է, որ վերջին շրջանի անվտանգության միջադեպերի արձագանքները դադարել են, և ընդգծել, որ չնայած երկրում ընդհանուր մթնոլորտի պարբերական խախտումներին՝ վերադարձ Լիբանանի քաղաքացիական պատերազմին չի լինելու:
Լիբանանի նախագահը նաև շեշտել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացը հեշտացնելու նպատակով մեգակենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ներկա ֆինանսական դժվարությունները, «որոնք կարող են շատերին խանգարել հասնելու իրենց ընտրատեղամասերը»: Իսկ դա իր հերթին կհանգեցնի ընտրողների ցածր մասնակցության:
Անդրադառնալով 2020 թ. օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետաքննության ընթացքին՝ նախագահը ընդգծել է այդ առումով դատական համակարգի անկախության և քաղաքական գործիչների կողմից հետաքննությանը չմիջամտելու անհրաժեշտությունը:
Իր հերթին պատրիարք Մինասյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Աունին իր բարի ժեստի համար՝ հույս հայտնելով, որ Աստված կօգնի իրեն իրականացնելու պարտականությունները, միավորելու մարդկանց սրտերը և արթնացնելու պաշտոնյաների խիղճը՝ Լիբանանը «ապահով ափ» դուրս բերելու համար:
Արքեպիսկոպոսը նաև ընդգծել է, որ Լիբանանի հայ կաթողիկեների համայնքը միշտ պատրաստ է ծառայելու իր երկրին՝ հանուն ժողովրդի միավորման և պետություն կառուցման:
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Հայ կաթողիկե եկեղեցու 21-րդ պատրիարք էր ընտրվել 2021 թ. սեպտեմբերի 23-ին:
1in.am