Աֆղանստանում ծնողները 500 դոլարով վաճառել են 6 ամսական աղջկան (տեսանյութ)
Աֆղանստանը հայտնվել է խոշորագույն հումանիտար ճգնաժամում, և իրավիճակը երկրում գնալով վատթարանում է այն պահից, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժումը զավթեց իշխանությունը:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, միջազգային հիմնադրամները, որոնք ֆինանսավորում էին երկրում մի շարք հաստատությունների, այդ թվում՝ հիվանդանոցների աշխատանքը, դադարեցրել են իրենց գործունեությունը:
Հեռուստաընկերության թղթակիցն այցելել է Հերաթ քաղաքի հիվանդանոց, որտեղ բուժում են ստանում թերսնուցմամբ տառապող երեխաները: Առողջապահական համակարգը սարսափելի վիճակում է գտնվում. անգամ հիվանդանոցում բավարար միջոցներ չկան անհրաժեշտ դեղամիջոցներ գնելու համար, իսկ բուժանձնակազմն ամիսներով աշխատավարձ չի ստանում:
Ըստ ռեպորտաժի՝ Հերաթի արվարձաններում բնակվող ընտանիքներն անհավատալի քայլերի են դիմում՝ ընտանիքի անդամներին կերակրելու համար: Ընտանիքներից մեկը վերջերս 500 դոլարով վաճառել է իր 6 ամսական աղջկան՝ մյուս երեխաներին պահելու համար:
Ինչպես հաղորդվում է, ընտանիքի հայրն ապրուստը վաստակում է աղբ հավաքելով, սակայն դա էլ այլևս չի բավարարում գումար վաստակելու համար:
Աղջկան գնողը ծնողներին խոստացել է, որ նրան ամուսնացնելու է իր որդու հետ և մտադիր է տանել երեխային, երբ վերջինս սկսի քայլել: