Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Իջևան քաղաքում հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի մարզային շտաբերի ներկայացուցիչների հետ։
«Հասկանալի պատճառներով, Տավուշը մեզ համար յուրահատուկ թիրախ է։ Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ ամեն ինչ անելու են դաշինքի ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար․
«Եթե դու պատասխանատու մարդ ես, վերցրել ես այդ բեռը, ուրեմն պետք է տանես։ Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, երկիրն ինչպե՞ս կարող է կառավարել։ Իսկ մեր այսօրվա կառավարությունն այդպիսինն է՝ մարդիկ իրենց անելիքը չգիտեն։ Սա նույնիսկ քաղաքական թիմ անվանել չես կարող։ Նաև ասեմ, որ բացառում եմ վերադարձը հին բարքերին»։
Իշխան Սաղաթելյանն էլ նշել է, որ այս ընտրություններին պետք է մոտենալ այն համոզմունքով, որ դրված է երկրի լինել-չլինելու հարցը․
«Հունիսի 20-ին պետք է քշենք այս չարիքի կառավարությանը և ձևավորենք նոր որակի ազգային իշխանություն, որը կկարողանա պահել, պաշտպանել մեր պետության, երկրի և ժողովրդի շահերը»։
Անդրադառնալով տարածվող այն կարծիքին, որ եթե գա քաղաքական այլ ուժ, կլինի պատերազմ, Իշխան Սաղաթելյանն ասել է․
«Իրականում, եթե այս պարտության և քաոսի սիմվոլը վերարտադրվի, մեր երկիրը կգնա նոր պատերազմի, նոր անկայունության։ Մենք ենք այն դաշինքը, որը կարող է բերել երկրին անվտանգություն ու կայունություն, կազմակերպել մեր սահմանների անվտանգությունը, զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք ունենք այդ թիմը, ունենք այդ կամքը։ Մենք գիտենք՝ ինչ ծանր բեռի տակ ենք մտնում և պատրաստ ենք այդ բեռը պատվախնդրորեն տանել առաջ՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր պետականության»։
Նյութը՝ Aysor.am