Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսիական CONFLITS-ին տված հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ նշելով, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել դրանց առաջխաղացման համար։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ֆրանսիայի Սենատն ու խորհրդարանը պատմական բանաձևեր են ընդունել «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»։ Այս բանաձեւերը կարևոր են Ղարաբաղի միջազգային կարգավիճակի հստակեցման համար։ Հասմիկ Տոլմաջյանը հիշեցրել է նաև Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և այն, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցով։

Դեսպանները, որպես կանոն, արտահայտում են իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումը, բայց դեսպան Տոլմաջյանի ասածի ֆոնին` Հայաստանի ԱԳՆ քաղաքականությունը և Երևանի` գործընթացները ռուս-թուրքական շրջանակից միջազգային հարթություն դուրս բերելուց հրաժարվելը. տարօրինակ են թվում։ Դեսպանն ասում է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերականգնման համար, որը միակն է, որ ունի միջազգային մանդատ՝ գտնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

Դեսպան Տոլմաջյանի հնչեցրած մտքերը կարող են ընկալվել որպես Հայաստանի արտաքին քաղաքական կուրս, եթե նույն շեշտադրումներով հարցազրույց տա Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դեսպանը իրեն հյուրընկալող երկրին, որը ՄԽ համանախագահ է, կոչ չի արել քննարկել Արցախի կարգավիճակը։ Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես այն կարծիքին է, որ նա պետք է լուծել «հումանիտար հարցերը», հետո՝ տեսնենք։

Նոյեմբերի 9-ին Մոսկվայում «կապիտուլիացիան» ինստիտուցիոնալացնող պայմանագրերի ստորագրման հավանականության մասին արտահոսքի ֆոնին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը դիվանագիտական ​​ակնարկներ է անում, որ Փարիզը կարող է ինչ-որ պահի նպատակահարմար համարել կատարել Սենատի և խորհրդարանի որոշումները։ Բայց դրա համար Հայաստանը պետք է սահմանի իր առաջնահերթությունները և օգտագործի միջազգային գործիքակազմը։

Դեսպանը մասնավորապես նշել է, որ ադրբեջանական զորքերը դեռ գտնվում են Հայաստանի տարածքում։ Նա ասել է, որ Երևանը փորձում է հարցը լուծել իր դաշնակից Ռուսաստանի միջոցով՝ ակնարկելով, որ Հայաստանը կարող է օգտվել նաեւ միջազգային մեխանիզմներից։

Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել զինադադարի հաստատման գործում, և Հայաստանն ապահովում է բոլոր պայմանները ռուսականխաղաղապահ կոնտինգենտի գործունեության համար։ Բայց հենց Հայաստանն է մնում Արցախի ժողովրդի անվտանգության ու սոցիալական բարեկեցության երաշխավորը։ Արցախի կարգավիճակը մնում է կարգավորման առանցքային հարցերից մեկը, և Հայաստանը հետևողականորեն պնդելու է կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ հիմնված ժողովուրդների ինքնորոշման և արժանապատիվ կյանքի իրավունքի վրա, ասել է դեսպանը։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն