«Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ–ների գործունեությունը կդադարեցվի, կրճատվող 280 աշխատողների մի մասն այլ աշխատանքի կանցնի
Կառավարությունը հավանություն տվեց «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին հարցին։
Ըստ նախագծի՝ սա 2022 թվականին կխնայի 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ Այն կարևոր սկիզբ է համարվում քրեակատարողական հիմնարկների բարելավման համար։
Այս ՔԿՀ–ների փակման հետևանքով 280 հաստիք է կրճատվում։ Նրանցից 70–ը տեղափոխվելու են այլ քրեակատարողական հիմնարկներ աշխատանքի, 50-ը տեղափոխվելու են պրոբացիայի ծառայություն, իսկ մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր Հայաստանում կալանավորված և դատապարտված անձանց պատմական մինիմում է գրանցվել, ապա նկատեց, որ քրեակատարողական հիմնարկների մի մասում, մասնավորապես «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ–ներում անմարդկային պայմաններ էին։ «Պետք է արձանագրենք, որ ՔԿՀ–ները Հայաստանում երկար ժամանակ և հիմա էլ հանցագործ արտադրող ձեռնարկություններ են»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի կարող պետությունը խաչ քաշել դատապարտված անձի վրա և հավելեց, որ քրեակատարողական հիմնարկներում սննդի հարցն են լուծել։ «Այսօր բացառիկ է իրավիճակը նրանով, որ կալանավորված կամ դատապարտված անձը պետության հացը ուտում է քանի որ արժանապատիվ սնունդ է, նախկինում այդպես չի եղել »,–ասաց նա։