ՌԴ գլխավոր շտաբում կարող են լինել տարբեր քարտեզներ. չի կարելի որոշում կայացնել առանց քարտեզները ուսումնասիրելու
«Սահմագծման և սահմանազատման աշխատանքներում ռուսական կողմի ներգրավածությունը տրամաբանական է, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն անկախացել են ԽՍՀՄ փլուզման արդյունքում, այսինքն դուրս են եկել Միության կազմից:
Եվ նախկինում երկու խորհրդային երկրների միջև սահմանային հարցերը կարգավորվում էին խորհրդային վարչատարածային բաժանման քարտեզներով և փաստաթղթերով, այսինքն օրենսդրությունը ներքին Խորհրդային Միությանն էր, միջպետական չէր, այլ կարգավիճակ չուներ: Տրամաբանական է, որ խոսքը գնալու է հենց խորհրդային քարտեզներով սահմանագծման մասին, քանի որ այս պահին այլ տարբերակ չի քննարկվում: Հարց է, թե որ թվականի քարտեզների մասին է խոսքը: Վլադիմիր Պուտինն իր ելույթում թվականներ չի նշել, իսկ խորհրդային քարտեզները սկսել են կազմվել ՌԴ կայսրության փլուզումից հետո ընդհուպ մինչև 1980-ական թվականները»,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացներում բավական է երկու կողմերի և Ռուսաստանի մասնակցությունը, այլ կողմեր պետք չեն, քանի որ քարտեզները գտնվում են ՌԴ բանակի գլխավոր շտաբում:
Մեր զրուցկակցի խոսքով՝ շատ կարևոր է իմանալ, թե սահմանագծումը որ քարտեզներով է իրականացվելու, քանի որ ՌԴ գլխավոր շտաբում կարող են լինել տարբեր քարտեզներ: «Տարբեր թվականներին Հայաստանի իշխանություններին դիմել են և՛ Ռուսաստանին, և՛ Վրաստանին այդ քարտեզները ստանալու համար, բայց դրական արդյունք չեն ստացել»,-ասաց Շահինյանը՝ ընդգծելով, որ չի կարելի որոշում կայացնել առանց այդ քարտեզները ուսումնասիրելու:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: