Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային դադարեցնել Ուկրաինայի ռազմականացման խրախուսումը
Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական մեթոդներով, այդ խնդիրը ուժով լուծելու փորձերը կունենան ամենատխուր և անկանխատեսելի հետևանքներ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում հակամարտությունը ռազմական լուծում չունի, դա ամրագրված է բոլոր այն երկրների կողմից, որոնք այդպես են մտածում խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց եւ, սկզբունքորեն, Ուկրաինայում իրավիճակի մասին: Դրա՝ ուժով կարգավորելու փորձերը կունենան ամենատխուր, ինչ-որ տեղ անկանխատեսելի, բայց ընդհանուր առմամբ ողբերգական հետևանքներ», - ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ արեւմտյան երկրների կողմից Ուկրաինային զենքի եւ զինամթերքի չդադարող մատակարարումներն ամրապնդում են Կիեւի վստահությունը Դոնբասի հակամարտության ուժային լուծման հնարավորության հարցում: Դրան նպաստում են նաև ՆԱՏՕ-ի անդամների ռազմամարզական առաքելությունների ծավալումն ուկրաինական տարածքում և բազմաթիվ զորավարժությունների անցկացումը։
«Մենք կոչ ենք անում արեւմտյան մայրաքաղաքներին, որոնք Ուկրաինային զենք են մատակարարում, դա նախեւառաջ Վաշինգտոնն է, ապա նաեւ Բեռլինը՝ Փարիզի հետ, որպես նորմանդական ձեւաչափի մասնակիցներ, դադարեցնել երկրի ռազմականացումը եւ օգտագործել իրենց ազդեցությունը՝ Կիեւին քաղաքական - դիվանագիտական միջոցներով Դոնբասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին վերադարձնելու համար», - եզրափակել է Զախարովան:
Ռուսաստանը անհանգստացած է Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադարձությունների ողբերգական զարգացմամբ եւ չի բացառում իրադրության հետագա դեգրադացումը, հայտարարել Է Զախարովան՝ մեկնաբանելով ուկրաինացի ուժայինների նոր հարձակողական գործողությունների մասին տեղեկատվությունը եւ ԴԺՀ-ի հետ շփման գծում գտնվող Ստարոմարեւկա գյուղը գրավելու փորձը: