Ալբանիայի դատախազությունը մեղադրանք է հարուցել պաշտպանության նախկին նախարարին գործարանում պայթյունի հետ կապված
Ալբանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարարին 2008թ. զինամթերքի թափոնավորման գործարանում հզոր պայթյունի հետ կապված, ինչի հետեւանքով զոհվել էր 26 մարդ, տեղեկացնում է AP-ը։
Կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ կառույցը (SPAK), որը պատասխանատու է բարձրաստիճան պաշտոնյաներին հետաքննելու համար, հայտարարել է, որ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք է ներկայացրել Ֆաթմիր Մեդիուին, որը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը 2005-2008թթ.։
Այդ նույն մեղադրանքը հանվել էր 2009թ. դատական հետապնդումից նրա իմունիտետի պատճառով՝ որպես խորհրդարանի վերընտրված անդամ։
Սեպտեմբերին ալբանական դատարանը վճռեց վերսկսել գործը։ Մեդիուն նախկինի պես խորհրդարանի անդամ է ընդդիմադիր կուսակցությունից, բայց պատգամավորական իմունիտետից զրկվել է 2012թ.։ Նա չի ընդունում, որ իրավախախտումներ է կատարել՝ այդ քայլն անվանելով քաղաքականապես մոտիվացված։
Գործը վերսկսվել է 6-ամյա տղայի ծնողների հարցապնդմամբ, որը զոհվել էր Գերդեկում, մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու, իր տան հետնաբակում խաղալու ժամանակ, 2008թ. մարտի 15-ի պայթյունի հետեւանքով։ Պայթյունից մահացել էր 26 մարդ, տուժել 264 հոգի, վնասվել մոտ 5 500 տուն։
2012թ. դատարանը մեղավոր ճանաչեց եւ բանտարկեց 19 մարդու պայթյունի պատճառով, բայց զոհերի հարազատները դժգոհում էին, որ պետական պաշտոնյաները խուսափել են արդարադատությունից։