Մոսկվայում ամեն օր շուրջ հազար կորոնավիրուսով վարակված երեխաներ են հայտնաբերում
Մոսկվայում շուրջ 200 հազար երեխա կորոնավիրուսով հիվանդացել են համաճարակի ամբողջ ընթացքում, ընդ որում՝ անչափահաս հիվանդների թվի ամենօրյա աճը հասել է 1000-ի: Այս մասին հայտնել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան։
«Կորոնավիրուսի ողջ ընթացքում մեզ մոտ 200 հազար երեխա է հիվանդացել։ Եթե նախկինում մենք ունեինք մոտ 200-300 հիվանդ երեխաներ մեկ օրում, ապա հիմա դա մոտ 1 հազար է։ Եթե նախկինում ամեն օրվա ամփոփման մեջ ես շատ հազվադեպ էի տեսնում երեխաների հոսպիտալացումը, ապա այսօր օրական 20-ից մինչեւ 30 երեխա է հոսպիտալացվում:
Այսօրվա դրությամբ 7 երեխա ունենք, որոնք բուժվում են Բաշլյաեւայի հիվանդանոցում, շատ ծանր են, նրանցից երկուսին միացված է ԹԱՕ սարք: Իսկապես, «դելտա» կորոնավիրուսի շտամն ավելի ծանր են տանում երեխաները, եւ մենք տեսնում ենք հիվանդության ընթացքի կլինիկան, հատկապես ավագ տարիքի՝ 14-17 տարեկան երեխաների մոտ, ինչպես նաեւ այն երեխաների, որոնք որեւէ ուղեկցող հիվանդություններ ունեն ՝ ճարպակալում, շաքարային դիաբետ, նրանց մոտ իջեցվել է իմունային կարգավիճակը, եւ նրանք իսկապես ծանր են հիվանդանում», - ասել է Ռակովան "«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ երեխաների մոտ, որպես կորոնավիրուսի հետևանք, ավելի ու ավելի հաճախ են սկսել ֆիքսել Կավասակիի հիվանդությանը նման մուլտիսիստեմային բորբոքային համախտանիշ, որը դժվար է բուժվում: Նրա խոսքով՝ նման հետեւանքներ են նկատվում ինչպես «ախտորոշմամբ» կովիդ տարած երեխաների, այնպես էլ ասիմպտոմատիկ։