Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հրապարակել է այս տարվա ՛՛Անպատժելիության համաշխարհային ինդեքս՛՛ զեկույցը, ուր ներառված են 12 երկրներ, այդ թվում ՌԴ-ը

Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) ընթացիք տարվա ՛՛Անպատժելիության համաշխարհային ինդեքս՛՛ զեկույցի համաձայն, վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում արձանագրված լրագրողների սպանության դեպքերի 81%-ի պարագայում որևէ մեկը չի ենթարկվել պատասխանատվության: Համաշխարհային անպատժելիության ցուցանիշ զեկույցը հաշվարկում է լրագրողների չբացահայտված սպանությունների թիվը՝ այն համադրելով երկրի բնակչության ընդհանուր թվի մեկ շնչին ընկած հաշվով:

՛՛ Այս ցուցանիշի ամենակարևոր նպատակն է հետևել հաշվետվողականությանը և տեսնել ոչ միայն, թե քանի լրագրող է սպանվել, այլ նաև քանի մեղավորներ են ենթարկվել պատասխանատվության: Ցավոք, համաշխարհային մասշտաբով իրավիճակը այնքան էլ դրական չէ՛՛,- Ամերիկայի ձայնի հետ զրույցում ասում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար Գյուլնազա Սայիդը։

Այս տարվա զեկույցում ընդգրկված են 12 երկրներ: CPJ-ի ցուցանիշը ուսումնասիրում է լրագրողների այն սպանությունները, որոնք տեղի են ունեցել 2011-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում և մնացել են չբացահայտված: Ցուցակում ներառված են միայն հինգ և ավելի չբացահայտված դեպքեր ունեցող երկրներ, որոնց թվում են Սոմալին, Սիրիան, Իրաքը, Հարավային Սուդանը, Աֆղանստանը, Մեքսիկան, Ֆիլիպինները, Բրազիլիան, Պակիստանը, Ռուսաստանը, Բանգլադեշն ու Հնդկաստանը:

00-27 ՛՛ Այսպիսով, ցանկացած տարի ցուցակում ներառված երկրների թիվը կարող է փոխվել: Այս տարի մեր զեկույցում, որն ընդգրկում է վերջին 10 տարիները, ներառել ենք 12 երկիր, քանի որ այդ երկրներում լրագրողների չբացահայտված սպանությունների թիվը եղել է հինգ և ավել՛՛,- ասում է Սայիդը։

Ըստ զեկույցի՝ ցուցանիշը մի փոքր փոփոխություն է գրանցել նախորդ տարվա համեմատ Սիրիայի, Իրաքի և Հարավային Սուդանի դեպքում, որոնք, սակայն, շարունակում են այդ հերթականությամբ զբաղեցնել ցուցակի առաջին չորս հորիզոնականները՝ զիջելով միայն առաջին տեղում գտնվող Սոմալիին: Այս երկրներում ռազմական հակամարտությունը, քաղաքական անկայունությունը և թույլ դատական մեխանիզմները շարունակում են սպառնալիք հանդիսանալ լրագրողական գործունեության համար:

Անդրադառնալով ՌԴ-ին՝ կազմակերոպության ներկայացուցիչ Գյուլնազա Սայիդը պատահական չի համարում Ռուսաստանի ընդգրկումը ցուցակում, որտեղ Մոսկվան զբաղեցնում է տասներորդ տեղը: Ռուսաստանը այն երկիրն է, որտեղ սպանված լրագրողների և անպատժելիության դեպքերի թիվը բավականին բարձր է, սակայն այդ առումով նկատվում են փոփոխություններ:

՛՛Ռուսաստանում այսօր լրագրողների սպանության դեպքերը այդքան հաճախ չեն՝ 1990-ականների և 2000-ականներ սկզբի հետ համեմատած։ Այժմ, ՌԴ իշխանությունները տարբեր մեթոդներ են կիրառում լրագրողներին լռեցնելու համար, այդ թվում օտարերկրյա գործակալների մասին օրենսդրության միջոցով, որը իշխանություններին թույլ է տալիս անկախ լրատվամիջոցներին որակել՛՛օտարերկրյա գործակալներ՛՛ և սահմանափակել նրանց գործունեությունը կամ ազատազրկել լրագրողներին՛՛,- նշում է Սայիդը:

Նրա կարծիքով լրագրողներին ազատազրկելու առումով Ռուսաստանը ևս առաջնային տեղերում է՝ զիջելով միայն Թուրքիային ու Բելառուսին:

Ըստ CPJ-ի՝ այս տարվա զեկույցում ընդգրկված բոլոր 12 երկրները մի քանի անգամ ներառվել են նախորդ զեկույցներում՝ սկսած 2008 թվականից, երբ այն առաջին անգամ հրապարակվեց: Այդ երկրներից յոթն ամեն տարի հայտնվում են ՛՛Անպատժելիության համաշխարհային ինդեքս՛՛-ում:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն