NYT. Չինացի հաքերները կիբերհարձակում են գործել Նյու Յորքի տրանսպորտային վարչության վրա
Նյու Յորքի տրանսպորտի վարչության համակարգչային համակարգերն ապրիլին կիբերհարձակման են ենթարկվել հաքերների կողմից, որոնք կարող են կապված լինել ՉԺՀ իշխանությունների հետ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով վարչության փաստաթուղթը:
Դրա տվյալներով` հարձակվողներին չի հաջողվել մուտք գործել մետրոյի վագոնների տեղաշարժի համար պատասխանատու համակարգեր, ուստի ուղեւորների անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Նշվում է, որ հաքերները մուտք չեն ստացել նաեւ ուղեւորների անձնական տեղեկություններին: Ընդհանուր առմամբ, վարչության գնահատականների համաձայն, հաքերները կարողացել են ներխուժել համակարգչային կառավարման 18 համակարգերից երեքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ թերթի` փաստաթղթում նշվում է, որ կիբերմիջադեպից ստացված վնասը չնչին է:
ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությունը, որը հետաքննում է միջադեպը, հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Սա ԱՄՆ-ում խոշոր ենթակառուցվածքային օբյեկտների վրա կիբերհարձակումների առաջին դեպքը չէ, որը վերագրվում է օտարերկրյա հաքերներին: Մայիսի սկզբին հարձակվողները ներխուժել էին Colonial Pipeline ամերիկյան խողովակաշարային ընկերության համակարգեր: Կիբերհարձակումն իրականացվել էր վիրուսի միջոցով, որը համակարգ է մտնում եւ ժամանակավորապես արգելափակում է դրա աշխատանքը եւ գաղտնագրում է տվյալները, մինչեւ տուժողը կվճարի պահանջվող փրկագինը: Հարձակումը մի քանի օրով կաթվածահար արեց ընկերության համակարգը, որով տեղափոխում է ԱՄՆ Արեւելյան ափին սպառվող վառելիքի շուրջ 45 տոկոսը: Colonial Pipeline-ը հաքերներին 4.4 միլիոն դոլար վճարեց` տվյալների հասանելիությունը վերականգնելու համար:
Մայիսի 31-ին մսի վերամշակման JBS ընկերությունը հայտարարեց, որ Հյուսիսային Ամերիկայում եւ Ավստրալիայում իր ստորաբաժանումների համակարգչային ցանցերը կիբերհարձակման են ենթարկվել: Ըստ Սպիտակ տան` JBS-ն հայտարարել էր, որ վնասակար ծրագրային ապահովումն օգտագործվել էր հանցավոր կազմակերպության կողմից, որը, ըստ ընկերության, կարող է գտնվել Ռուսաստանում:
Նյութը՝ News.am