Տնտեսությունը հաջորդ լոքդաունին չի դիմանա. եթե տնտեսությունն ամբողջությամբ փակվի, առողջապահական համակարգը ֆինանսավորման խնդիրներ կունենա
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը
-Պարոն Մկրտչյան, hոսպիտալացված 3100 վարակակիրներից 96-ն են պատվաստված, վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում 1500 մարդկանցից 5-ն են պատվաստված, այս պահին էլ կովիդով վարակված 122 հղի ունենք։ Հանրային տրամադրությունների վրա այսպիսի վիճակագրությունը կարո՞ղ է որոշակի ազդել։ Թիրախում առողջապահության նախարարությունն է, արդյոք ճի՞շտ գործիքներ են ընտրվել կովիդի դեմ պայքարի համար։
-Նախ պետք է հասկանալ՝ որքանով է հանրությունն ընկալում իրավիճակը։ Աշխարհում երկրներ կան, որ անմիջապես ընկալել են, և պատվաստումների միջոցով իրավիճակը բավականաչափ կառավարելի է դարձել, և այլընտրանք գոյություն չունի։ Մենք միակողմանի մոտեցում ենք ցուցաբերում. կանխարգելման բոլոր միջոցները զուգահեռ պետք է կիրառվեն, թե՛ սոցիալական հեռավորության պահպանումը, թե՛ պատվաստումը, թե՛ դիմակ կրելը։ Եվրոպական երկրներում, որտեղ պատվաստումների ընդգրկումը կազմում է մոտավորապես 70-75 տոկոս, հիվանդացության մակարդակը ցածր է։ Ամենակարևորը, ծանր դեպքերը և մահերը հնարավոր է լինում կանխարգելել պատվաստումների միջոցով, դրանից զատ, որևէ մեկը չի վերահսկում, ասում՝ դիմակ կրեք։ Մարդիկ, իրենց առողջության մասին մտածելով, համաճարակի վերաբերյալ տեղեկատվությունն ընկալելով, և՛ դիմակ են կրում, և՛ պատվաստվում են, և՛ սոցիալական հեռավորություն են պահպանում, և՛ ախտահանում։ Այսինքն՝ այն բոլոր գործիքակազմը, որը կիրառվում է ամբողջ աշխարհում, պետք է նաև Հայաստանում կիրառվի։ Բա ի՞նչ ենք ուզում, ուզում ենք ամեն մեկի գլխին մի վերահսկո՞ղ լինի, որ ասի՝ դիմակի կրի՛ր, եթե նման տարրական բանը չեն ընկալում, իրավիճակն էլ այսպիսին պետք է լինի։ Ուրիշ բան դեռ մարդկությունը չի հնարել, հստակ պատվաստումները նշածս ցուցանիշների վրա ազդում են։ Եթե աշխարհում գոյություն ունի մեկ այլ մեթոդ, եկեք վերցնենք կիրառենք։ Աշխարհն այսօր պատրաստ է տրամադրել պատվաստանյութեր, և այդ պատվաստանյութերի միջոցով կանխարգելել ծանր դեպքերը և մահերը, նաև կառավարելի դարձնել համաճարակը։ Այն, ինչ մեր երկրում արվում է, և առողջապահության նախարարությունը, կառավարությունը այս ամենի մասին անընդհատ ասում է, այլ գործիքակազմ ես չգիտեմ։
-Անընդհատ խոսվում է, որ համակարգված չէ աշխատանքը, չեն կարողանում վերահսկել։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։ Եվ հիմա ստեղծվել է հանձնաժողով՝ պարզելու։ Սա աբսուրդ չէ՞։
-Չէ, աբսուրդ չէ, եթե դուք նայեք մահացության ցուցանիշները ոչ կովիդից, վիճակագրական ծառայության և առողջապահության նախարարության համապատասխան վիճակագրական տվյալները տարին ավարտելուց հետո տարբերություններ են արձանագրում մահացության ցուցանիշների մեջ։ Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, թող ստեղծված համապատասխան հանձնաժողովը իր ուսումնասիրությունները կատարի, կլինեն եզրահանգումներ և այդ ժամանակ հստակ կարելի է պատճառահետևանքային կապը գտնել։
-Արդյոք այս իրավիճակում համատարած լոքդաունի անցնելը կարճ ժամանակով ավելի ճիշտ չէր լինի՞։ Միայն բուհերն ու դպրոցներն են փակել, արդյոք այս առումով մարտավարությունը ճիշտ է մշակվա՞ծ։
-Մենք սեպտեմբերից սկսեցինք արձանագրել հիվանդացության աճ, պետք էր դպրոցներում նախկին փորձը կրկին կիրառել, այսինքն՝ դասարանները փոքրացնել, դասաժամերը կրճատել, հերթափոխով դպրոց հաճախել, դասարանները կիսել, երբ մի օր մի կեսն էր գնում, հաջորդ օրը՝ մյուս կեսը։ Եվ ինչքան էլ քննադատենք հեռավար ուսուցումը, այն մնում է ուսուցում, որն ամբողջ աշխարհը կիրառում է: Դա ժամանակակից ուսուցման մեթոդ է, կարելի էր հեռավարի անցնել՝ մինչև կարողանայինք որոշակի կառավարելիություն ապահովել։ Գտնում եմ, որ դպրոցների և բուհերի հետ կապված կարելի էր ավելի շուտ անցնել արձակուրդների։ Իսկ ընդհանրապես լոքդաունին անձամբ դեմ եմ, որովհետև տնտեսությունը հաջորդ լոքդաունին չի դիմանա։ Հիվանդներին բուժել է պետք, հիվանդանոցները պետք է գործեն, և եթե տնտեսությունն ամբողջությամբ փակվի, սա փակ շղթա է առաջացնում։ Չես աշխատում, առողջապահական ծառայությունների փոխհատուցման, ֆինանսավորման խնդիրներ ենք ունենալու և նորից հիվանդացության, մահացության աճ և այլն։ Ուզում եմ կրկնել, որ համաճարակի տարածման վրա լոքդաունը չի ազդում երկարատև։ Եթե առողջապահության համակարգը ներկայումս դժվարությամբ, բայց կարողանում է իր առջև դրված խնդիրները լուծել, լոքդաունը ցանկալի արդյունք չի տա։
Իմ կոչն է պատվաստվել, դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել և ազգովի պայքարել համաճարակի դեմ։ Կարևոր է, թե մեզնից յուրաքանչյուրն ինչ է անում: Պետք է մի կողմ դնենք դավադրության տեսությունները և գնանք պատվաստվելու։