2021 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների թվաքանակն աճել է 6,1 տոկոսով կամ 1201 դեպքով։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ այս տարվա ինն ամիսներին գրացվել է 20 863 հանցագործության դեպք։ «Աճը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի աճով։ Գրանցված դեպքերի մեջ հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84 տոկոսը։

Ըստ առանձին հանցատեսակների՝ աճել են սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոցներ փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը։ Միաժամանակ, նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, բռնաբարության և բռնաբարության փորձի, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վտնման, խուլիգանության դեպքերը»,- ասաց Ֆիդանյանը։

Ըստ նրա՝ նույն ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 29 129 հանցագործության դեպքերից 57,8 տոկոսով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ, ինչը 2,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժականակահատվածի ցուցանիշից։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն