Բալասանյան դաշինքն առանց ՔՊ-ի էլ կարող էր քաղաքային իշխանություն ձեւավորել․ ինչ է կատարվել
Մեր զրուցակցին է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը
Ինչպե՞ս եք գնահատում, որ Գյումրիում որոշեցին կոալիցիա կազմել ՔՊ-ն ու «Բալասանյան» դաշինքը, որի արդյունքում քաղաքապետը «Բալասանյան» դաշինքից է, փոխքաղաքապետերը՝ ՔՊ-ից: Շատերի մոտ կար տպավորություն, որ նախապես կար այսպիսի պայմանավորվածություն:
Նախ, իրենք դա կոալիցիա չեն համարում, համարում են համագործակցություն, գործընկերություն, թեև միայն այն տեղեկությունը, որ փոխքաղաքապետի պաշտոնները տրվելու են ՔՊ-ին, դա արդեն նշանակում է, որ սա կոալիցիա է: Հետո շատ հետաքրքիր է իմանալ, թե քաղաքի 5-ամյա զարգացման ծրագրի մեջ որ քաղաքական ուժի գաղափարներն ու առաջարկություններն են տեղ գտել: Տխուր կլինի, եթե պարզվի, որ համագործակցությունը եղել է միայն պաշտոնների շուրջ: Խոսակցություններ կան, որ պայմանավորվել են, որ հետո ինչ էլ լինի՝ կոալիցվեն, որովհետև իրենք ողջամտորեն պետք է որ կռահած լինեին, որ որևէ մեկն ինքնուրույն մանդատների կեսից ավելին չի ունենալու, որպեսզի ինքնուրույն քաղաքային իշխանություն ձևավորի, բայց ես ճշգրիտ տեղեկություններ չունեմ: Քաղաքագիտական տեսանկյունից կոալիցիաները բնական են, քաղաքացիների տեսանկյունից դա այնքան էլ ընդունելի չէ՝ հաշվի առնելով վերջին օրերին իմ արձանագրած դժգոհությունները, որ եթե իմանայինք էդպես է, մեր քվեն չէինք տա այս կամ այն ուժին: Այսինքն այս երկու ուժերից մեկին կամ մյուսին քվե տված մարդկանց մի մասը պնդում է, որ եթե իմանար, որ կոալիցիա են կազմելու իրար հետ, իրենց քվեն նրանց չէին տա, ուրիշ ուժի կտային: Նրանք շատ դժգոհ են այս կոալիցիայից:
Մյուս կողմից, օրենքը հնարավորություն ընձեռում է հարաբերական մեծամասնություն ունենալով քաղաքապետ ընտրել: Ճիշտ է, նախատեսվում է առաջին փուլում, որ ագանու անդամների կեսից ավելիի քվեով է ընտրվում համայնքի ղեկավար, բայց եթե այդպես չի ստացվում, օրենքը նախատեսում է երկրորդ փուլ, և եթե հարաբերական մեծամասնությամբ որևէ մեկը տանում է քվեների հարաբերական մեծամասնությունը, նա էլ զբաղեցնում է համայնքի ղեկավարի պաշտոնը: Հաշվի առնելով առկա մանդատների բաշխումը և փոքրաթիվ մանդատներ ստացած քաղաքական ուժերի հայտարարությունները, թե իրենք ոչ մի դեպքում ՔՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, ՔՊ-ն հարաբերական մեծամասնություն ունենալու շանս չուներ, իսկ «Բալասանյան» դաշինքը 14 մանդատով կարող էր հարաբերական մեծամասնությամբ ձևավորել քաղաքային իշխանություն և օրենքով այդ քաղաքապետին մեկ տարի շարունակ ոչ ոք անվստահություն հայտնելու հնարավորություն չէր ունենա: Բայց իրենք, այնուամենայնիվ, որոշեցին կոալիցիա կազմել, ունենալ, այսպես ասած, կայուն մեծամասնություն: Սա նաև քաղաքական ինչ-որ ռիսկերի չեզոքացում է «Բալասանյան դաշինքի» կամ Բալասանյան ընտանիքի համար: Այս համագործակցությունը կարող է թույլ տալ ավելի անուշադիր լինել հնարավոր քրեական գործերի մասով, որոնց մասին մենք լսեցինք նախընտրական շրջանում և նույնիսկ ընտրություններից հետո: Հիմա արդեն քաղաքացիները, հասարակ մարդիկ կարծում են, որ այդ քրեական գործերն այդքան հետևողական չեն քննվելու, ինչպես քննվում էին մինչև այդ:
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանից դժգոհություն կար, հիմա արդեն լուրեր են շրջանառվում, որ մարզպետ է նշանակվելու Նազելի Բաղդասարյանը, որն արդեն վայր է դրել պատգամավորի մանդատը: Ինչպե՞ս եք գնահատում այս կադրային փոփոխությունները:
Ես համարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագրի» ստացած քվեները իրենց քաղաքական կշռի համեմատ բավականաչափ մեծ հաջողություն են: Ուրիշ բան, որ այդ քաղաքական ուժի ներկայացուցիչներն ու համակիրները համարում էին, որ իրենք 50-60-70 տոկոս են ստանալու, որովհետև ԱԺ վերջին ընտրություններում ՔՊ-ն ստացել էր 61 տոկոս: Ես համարում եմ, որ այդ 29-30 տոկոսը նույնպես զգալի հաջողություն է՝ հաշվի առնելով իրենց ավագանու թեկնածուների ցուցակը: Լայն հասարակությանն իրենց 40-ից ավելի թեկնածուներից 3-4 հոգի էին հայտնի, և սա իսկապես թուլություն է: Քաղաքային ընտրությունները էապես տարբերվում են համապետական ընտրություններից: Հատկապես պետք է հիշել, որ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ շատ լարված էր հակամարտությունը նախկին-ներկա համատեքստում: Այս դեպքում դա չկար, և այդ 29-30 տոկոսը ես ինքս համարում եմ զգալի հաջողություն ՔՊ-ի համար:
Ըստ էության, քաղաք առ քաղաք, համայնք առ համայնք իշխող ուժը զիջում է դիրքերը: Մի կողմից շատերը սա ժողովրդավարության տեսակետից նվաճում են համարում, մյուս կողմից ակնհայտ է, որ վստահության խնդիր ունի իշխանությունը, որը գնալով նվազում է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
Ընդհանրապես հեղափոխություններից հետո հեղափոխական ուժերը էյֆորիզմի, խանդավառության ֆոնին միշտ ստանում են խոշոր քվեներ: Սա տարբեր երկրների փորձով հաստատված ճշմարտություն է: Հետո բնականաբար այդ ուժերը սկսում են կորցնել իրենց քվեները: Այնպես որ այդպես ողբերգական չարժե ընկալել այս քվեների անկումը ՔՊ-ի համար, մանավանդ հաշվի առնելով իրենց տված խոստումների և կատարածի զգալի տարբերությունները, պատերազմում պարտությունը, ձախողումները, անհաջող կադրային քաղաքականությունը: Սա բոլոր հեղափոխական ուժերի հետ էլ պատահում է տարբեր չափերով: Վրաստանում էլ է այդպես եղել, Ուկրաինայում էլ: Մյուս կողմից, իսկապես, նվաճում է, որ ընտրություններն էապես ազատ կամարտահայտման դրսևորումներ են, իսկ ընտրությունների մյուս որակները, մարդկանց սոցիալ-հոգեբանական գործոնը, ընդհանրապես պատերազմով պայմանավորված մարդկանց հիասթափությունը, լուրջ հետազոտության առարկա են և անշուշտ իրենց հետքը թողնում են, որքան էլ ընտրական մեխանիզմն լինի ազատ: Այնպես որ, մենք պետք է ջանքեր ներդնենք, որ այդ մեխանիզմը պահպանվի և մենք շարունակ ունենանք ավելի կատարելագործված ազատ կամարատահայտման մեխանիզմ, թույլ չտանք զանգվածային կեղծիքներ, որոնք ապականում են հանրային կամքը և իշխանության ձևավորման վրա լուրջ կասկած են գցում: Առաջ չէինք իմանում՝ ով է ընտրվել, ով չի ընտրվել, որքանով է հայտարարված ընտրվածը արդար ընտրված: Հիմա գոնե գիտենք, որ ընտրություններում իշխանությունների կողմից իր պարտականությունների կատարման իմաստով զգալի առաջընթաց ունենք: Իհարկե, ընտրությունները կատարյալ չեն, բայց զանգվածային կազմակերպված ընտրակեղծիքներ մենք չենք տեսնում, ինչը լավ է:
Ինչ վերաբերում է մարզպետ նշանակելուն, չարժե ուշադրություն դարձնել մարզպետների պաշտոններին, դրանք ֆունկցիոներական պաշտոններ են, գերագնահատել դրա նշանակությունը չարժե: Ինքնուրույնությունը զգալիորեն ցածր է համեմատած համայնքապետերի լիազորությունների հետ: Մարզպետի գործը կառավարության տեղական գործակատար գործն է, կառավարությունը ինչ-որ որոշեց, մարզպետն այդպես իրականացնում է: Այնպես որ, շատ ավելի աննշան գործ է մարզպետի գործը, քան նույնիսկ փոքր գյուղի գյուղապետի գործը: Սա օրենսդրական կարգավորումների համատեքստում եմ ասում: