Արմեն Չարչյանը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել դատական նիստին, թե ինչու դատարանը չի ապահովել պարոն Չարչյանի մասնակցությունը, չեմ կարող ասել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը`  անդրադառնալով Արմեն Չարչյանը դատական նիստին չներկայանալուն։

Ալեքսանյանը նշեց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը։ «Ոչ մի փոփոխություն դեպի լավը տեղի չի ունենում։ Նրա մոտ ախտորոշված է շաքարային դիաբետի ծանր ձևը։ Այդ քանակությամբ ինսուլին ստանալը և դիաբետի այդ ձևը անհամատեղելի են կալանքի հետ»,-ասաց նա։

Անդրադառնալով բժշկական փորձաքննությանը, Ալեքսանյանը նշեց.

«Կա փորձաքննության երկու եղանակ։ Առաջինն անմիջական հետազոտությունն է։ Պարոն Չարչյանը հրաժարվել է այդ հետազոտությունից։ Նա  ընտրել է փաստաթղթային հետազոտությունը։ Որոշում կայացնելու պահին այն փաստաթղթերը, որը մենք ներկայացրել էին, ունեին 5-օրվա վաղեմություն և անտրամաբանական է հավաստիության հետ կապված խնդիր ունենալը։ Էական փոփոխություն այդ ժամանակահատվածում չէր կարող լինել։ Նախկինում և հիմա արված բժշկական հետազոտությունները փաստաթղթերի հիման վրա բժիշկները պետք է փորձաքննություն անեն, ուսումնասիրեն և կատարեն եզրակացություն»։

Փաստաբանը շեշտեց, որ երկարատև պնդումներից և ճնշումներից հետո միայն ԱՆ նախարարը ԱԺ-ում հայտարարեց, որ հանձնաժողովը ստեղծված է և անցել են իրենց պարտականությունների կատարմանը։

«Տրամաբանական հարց է առաջանում, եթե մինչ այդ արդեն տեղծված էր, ինչու դատարանը դրա մասին չի իմացել,  ինչու նախարարը համապատասխան գրություն չէր հասցեագրել դատարանին և բարձրաձայնում է այն բանից հետո, երբ համապատասխան հայտարարություններ ենք արել։ Դրա գաղտնի պահելու իմաստը որն էր։ Եվս մեկ անգամ կասեմ` նման անգործությունը, պասիվ գործելակերպը, որոշ հանգամաներ գաղտնի պահելը, որոնք կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել Արմեն Չարչյանի հանդեպ, բոլորը իրենց պատասխանատվությունը կրելու են և այդ տիկինը նույնպես»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն