Lragir.am-ի հարցերին պատասխանել է «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը

Տիկին Ստեփանյան, ծառայության վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը։ Ի՞նչ խնդիրներ են առաջացել։

Այսօր առավոտյան իմացել եմ, որ 6-րդ ենթակայանի վարորդները եկել են աշխատանքի ու որոշել են, որ պետք է կանչի չգնան ու պահանջեն բարձրացնել իրենց աշխատավարձերը։

Ծառայության աշխատանքը պարալիզացվա՞ծ է։

Իհարկե, ոչ։ Մենք ունենք աշխատող 50 մեքենա, այդ մեքենաները շատ լավ կաշխատեն, իրենց մեքենաներն էլ կաշխատեն, որովհետև անձնակազմը պատրաստ է աշխատելու։ Այլ վարորդների կհրավիրենք, բժիշկներն ու բուժքույրերը պատրաստ են աշխատելու։ Այնպես որ, ամեն ինչ նորմալ կլինի։

Իսկ որքա՞ն է կազմում մեկ վարորդի աշխատավարձը։

Մեկ հերթապահությունը 11 հազար դրամ է, իսկ իրենք ամսվա մեջ հերթապահում են 8-10 օր։ Ոլորտում այդքան է աշխատավարձերը, բայց կարող են և բարձր լինել, ինչո՞ւ չէ։ Այնպես չէ, որ մենք կամ մեր վերադասն այդ հարցին չենք անդրադարձել։ Այդ հարցը քննարկման փուլում է, ուղղակի ես գտնում եմ, որ նման ուլտիմատումներով ոճ չպետք է լինի։

Այսինքն՝ ովքեր բողոքում են, կազատվեն աշխատանքից, նրանց կփոխարինեն նոր վարորդնե՞ր։

Ոչ, նման հարցի չենք անդրադարձել։ Ուղղակի այստեղ ուրիշ հարց կա, եթե իրենք ցանկություն չունեն աշխատելու․․․ Յուրաքանչյուր վարորդ, երբ գալիս է այստեղ աշխատելու, անպայման պայմանագիր է ստորագրում, ծանոթանում է բոլոր պայմաններին։ Եվ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ պայմաններով ու աշխատավարձով են գալիս աշխատելու։ Այսինքն՝ այնպես չէ, որ դա նորություն է։ Ուղղակի այսօր շատ ծանրաբեռնված են աշխատում։ Բայց մենք ավելի ծանրաբեռնված օրեր ենք ունեցել 2020 թվականին։ Այսինքն՝ ընդհանրապես շտապ օգնության ծառայության աշխատակիցների աշխատանքը միշտ էլ ծանրաբեռնված է։ Այնպես որ, ամեն դեպքում ուլտիմատումներով չի կարելի որևէ հարց լուծել։ Մեր համար ամենակարևորը մեր աշխատանքը չխափանելն է։ Մենք հիմա աշխատանք են տանում, որ այդ մեքենաներով մեր մյուս աշխատակիցները նորմալ աշխատեն։

Կանչերի թիվը իրո՞ք մեծ է, հասցնո՞ւմ եք սպասարկել։

Այո, հասցնում ենք սպասարկել, մենք 50 մեքենա ունենք, այնպես չէ, որ այդ ենթակայանի 5 մեքենան էր միայն քաղաքում աշխատում։ Վարորդների քիչ մասն է  ակցիա անում, բայց բնական է, բոլորն էլ ցանկություն ունեն, որ իրենց աշխատավարձը բարձրանա։ Բայց պետք է ինչ-որ քննարկման հնարավորություն տան։ Հետո երբեք տարեվերջին որևէ մեկի աշխատավարձը չի բարձրացել։ Այսինքն՝ բոլորս էլ խոսում ենք այդ հարցի մասին, քննարկում ենք։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն