Մենք չենք հրաժարվում Գորիս-Կապան ճանապարհից․ Սանոսյան
Գորիս-Կապան ճանապարհին որևէ ռեալ վտանգ չկա, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ մոտ 20 օր առաջ է այցելել Սյունիք, վերադարձել է Գորիս-Կապան ճանապարհով։
«Իհարկե, այդ ճանապարհը որոշակի խնդիրներ ունի, բայց որևէ ռեալ վտանգ չկա»,- հավելեց Սանոսյանը։ Նա նշեց, որ հայկական կողմը Գորիս-Կապան ճանապարհից չի հրաժարվում, այդ ճանապարհը մերն է, բացառությամբ երկու հատվածի, որոնք վիճարկվում են։
«Այսինքն՝ դեռ դելիմիտացիա-դեմարկացիա երևույթը ցույց կտա՝ դա այդպես է, թե չէ։ Հատագայում մտածում ենք՝ այդ ոլորանները, որոնք վիճարկվող են, այդ ոլորաններին շրջանցող հատվածներ կառուցենք, որպեսզի Մ2-ի հետ կապված որևէ խնդիր չունենաք։ Մեր նպատակն է այդ ճանապարհը միշտ շահագործել»,- նշեց Սանոսյանը։
Նա մանրամասներ ներկայացրեց այլընտրանքային ճանապարհների կառուցումից։ «Մենք առաջիկայում Շուռնուխ, Որոտան համայնքներին մոտեցող այլ ճանապարհներ ենք կառուցում։ Գիտեք, Տաթև-Աղվանի ճանապարհը գրեթե ավարտին է մոտենում։ Հիմա, թե քաղաքացին ճանապարհներից որով կանցնի, ինքը կորոշի։ Տաթև-Աղվանի ճանապարհը մոտ 1 կիլոմետրի չափ հատված է մնացել ասֆալտապատելու։ Հենց եղանակային պայմաններ ունենանք, նույնիսկ կարող է այս շաբաթվա մեջ ավարտենք։ Մենք նախանշել ենք նոյեմբերի վերջ ավարտել ամբողջ հատվածը։ Բեռնատարների համար անցանելի է, ընդ որում, բոլոր տիպի, այդ թվում՝ քարշակով։ Բայց որոշ դժվարություններ կան, Տաթևի ձորում երեք ոլորան կան, որտեղ դժվարությամբ են մեծ բեռնատարները պտտվում, բայց ոչ անհնար։ Այսինքն՝ կարող են անցնել այդ ճանապարհը։ Եվ այդ խնդիրը հաշվի առնելով, որպեսզի այդ խնդիրը չլինի, մենք Տաթևից Լծեն ճանապարհի կառուցման ծագիրն ենք հիմա իրականացնում։ Այս տարի գրունտային մասը կանենք, բայց ասֆալտապատման աշխատանքները կիրականացնենք 2022 թվականին»,- նշեց նա։