Այս պահին բժշկական ծառայություններն ենք դիտարկում, բացի «Պիսիար» կամ ՊՇՌ թեստերով, նաև ախտորոշիչ սարքավորումների միջոցով հետազոտությունները, վստահ եմ՝ դեկտեմբերի վերջին արդյունքները կհրապարակենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են սկսել նաև այն հարթակների հետ կապված, որոնք օնլայն տաքսի ծառայություն են մատուցում։

ՏՄՄՊՀ նախագահի խոսքով ՝ շարունակում են ուսումնասիրել նաև բենզինի շուկան։

«Վերջին թանկացման մասին տվյալներ չկան, որովհետև եթե ԵԱՏՄ-ից է գալիս, տվյալներն ամփոփվում են եռամսյակն ավարտվելուց հետո։ Տվյալների ուսումնասիրության ավարտին կարձանագրենք, եթե տեսնենք, որ կան իրավախախտման հատկանիշներ, վարույթ կսկսենք, դրա արդյունքները կհրապարակենք։ Եթե տեսնենք, որ իրավախախտման հատկանիշներ չկան, մեր ուսումնասիրության արդյունքները կհրապարակենք»,-մանրամասնեց նա։

ՏՄՊՊՀ նախագահը հիշեցրեց՝ իրենց գործունեության տիրույթում է գնաճի ուսումնասիրությունը միայն այն պարագայում, եթե գործ ունեն գերիշխող դեր ունեցող տնտեսվարողի հետ և առկա է հակամրցակցային գործողություն, իրավախախտում։

Գեղամ Գևորգյանը նշեց, որ կրկին ուսումնասիրություն են սկսել նաև շաքարավազի շուկայում։

«Գների դինամիկան ենք նայում։ Երևի տեղյակ եք, որ 2-3 ամիս առաջ Հայաստան է ներմուծվել էժան քվոտավորված շաքարավազ, որի արդյունքում գներն իջել էին, այնուհետև էլի բարձրացել էին, հիմա մեր ԵԱՏՄ գործընկերները նոր նախաձեռնությամբ են հանդես եկել, որ 3-րդ երկրներից ներմուծման  մաքսատուրքը 0 տոկոսադրույքով իրականացնեն մինչև դեկտեմբեր ամիս, որովհետև շաքարավազի դեֆիցիտ կա ԵԱՏՄ տարածաշրջանում՝ հիմնականում ՌԴ-ում կովիդով պայմանավորված»,-նշեց նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն