Ազդակ Չինաստանին. Հնդկաստանը խոշոր զորավարժություններ է անցկացնում Արևելյան Լադախում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ
Հնդկաստանի զինված ուժերը սկսել են եռօրյա լայնածավալ զորավարժություններ Արևելյան Լադախում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Times of India-ն՝ վկայակոչելով աղբյուրներ։
Զորավարժության սցենարի համաձայն՝ հնդիկ դեսանտայինները գրավում են պայմանական հակառակորդի տարածքի խորքերում գտնվող պլացդարմը և պահում այն մինչև տանկային և մեխանիզացված զորքերի հարձակումը՝ հարվածային ուղղաթիռների աջակցությամբ։ Զորավարժությունները տեղի են ունենում բարձրադիր տեղանքում մինուս 20 աստիճան ջերմաստիճանի պայմաններում՝ հարյուրավոր զինվորականների մասնակցությամբ, որոնք նախնական կլիմայականացում են անցել։
«Զորավարժությունների նպատակն է Չինաստանին ազդակ ուղարկել՝ զերծ մնալ Հնդկաստանի հյուսիսային սահմաններում լարվածության սրմանն ուղղված գործողություններից», - մեջբերում է թերթը աղբյուրի խոսքերը։
Արևելյան Լադախում զորավարժությունները տեղի են ունենում այս տեղանքում 2020 թվականի գարնանից սկսած Հնդկաստանի և Չինաստանի միջև ռազմական լարվածության պայմաններում: