Ռուսաստանի խաղաղապահների դերը Արցախում հնարավոր չէ թերագնահատել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ ամենօրյա աշխատանքներ են տարվում Արցախի Հանրապետության շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

«Այժմ ընթանում են խորհրդակցություններ և բանակցություններ արտգործնախարարների հետ: Մենք բառացիորեն ամեն օր շփվում ենք արտաքին գործերի նախարարությունների և դեսպանատների միջոցով: Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հեռախոսային խոսակցությունների մասին հաղորդագրությունները, ինչպես Ռուսաստան-Հայաստան, այնպես էլ Ադրբեջանի հետ, պարբերաբար հրապարակվում են:

Մեր երկրի կողմից ներդրվել են վիթխարի ջանքեր այս իրավիճակի լուծման համար, ինչպես թեժ փուլում, այնպես էլ ռազմական բախումների ավարտից հետո»,- ասել է Զախարովան «Իզվեստիա»-ի մամուլի կենտրոնում ունեցած մամուլի ասուլիսում:

Նա նշել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական ջանքերի, այլև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է: «Եվ, իհարկե, պետք է ընդգծել մեր խաղաղապահների դերը, որոնք ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին, հմտությունները, պրոֆեսիոնալիզմը՝ իրավիճակը շտկելու համար, որպեսզի արդեն քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները: Հետևաբար, ռուս խաղաղապահների դերն այստեղ հնարավոր չէ թերագնահատել»,- եզրափակել է ԱԳՆ խոսնակը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն