Փաշինյանը Հայաստանի ներքին համերաշխությունը քանդելուց հետո անցել է սփյուռքին. Փաշինյանի դեմ ակցիայի մասնակից. Tert.am
Մեզ համար շատ կարեւոր էր, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա իր տարեդարձի օրը նշի Ֆրանսիայում եւ իր սելֆիներով նախընտրական PR արշավ իրականացնի՝ ինքն իրեն ներկայացնելով, թե մեծ եւ կարող քաղաքական գործիչ է, ինչն իրականությանը չի համապատասխանում, մենք կանխեցինք այդ քայլն ու մեր նպատակին հասանք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության անդամ Նժդեհ Գարագավորյանը, որը 24 ժամ կալանավորված է եղել Փարիզի ոստիկանությունում, այն բանից հետո, երբ ինքն ու իր ընկերը կանգնել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն տանող ճանապարհի մեջտեղում եւ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ուղղությամբ հավկիթներ ու լոլիկներ շպրտել:
«Նիկոլ Փաշինյանը պղծել է ամեն բան՝ Եռաբլուրից մինչեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն, մեր ընդվզման ակցիան այնտեղ իրականացրեցինք, քանի որ մեզ համար դեսպանությունը եւս հայրենիքի մի մասն է. դավաճաններն այնտեղ ոտք դնելու իրավունք չունեն»,- ընդգծել է նա:
Փաշինյանը Փարիզում տեղաշարժվել է ոստիկանական ուժեղացված հսկողության ներքո. երիտասարդի դիտարկմամբ մոտ 100 ոստիկան է ապահովել նրա անվտանգությունը, ինչը չի եղել Հայաստանի որեւէ ղեկավարի Ֆրանսիա այցի ընթացքում:
Նժդեհ Գարագավորյանը Tert.am-ին հայտնել է իր մտահոգությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պառակտում է մտցրել նաեւ սփյուռքում. «Փաշինյանը Հայաստանի ներքին համերաշխությունը քանդելուց հետո անցել է սփյուռքին՝ կազմելով հոգեկան հիվանդների խմբեր, փորձում է փոխարինել գաղութների ներկայացուցչական խումբը»,– պնդել է երիտասարդը:
Տարիներ շարունակ Ֆրանսիայի հայ համայնքի ողնաշարը եղել է Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, հայտնի քաղաքական ընթրիքները նրանց անմիջական ջանքերով են իրականացվել ու Ֆրանսիայի իշխանություններին էլ ավելի մոտեցրել Հայաստանին, բայց հիմա CCAF-ը հայտնվել է թիրախում: